Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել օգտագործել ԱՊՀ անդամ երկրների հետախուզական ծառայությունների ներուժը՝ համագործակցության տարածքը նոր սպառնալիքներից պաշտպանելու համար:
Այս մասին ասված է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի ղեկավարի ողջույնի մեջ, հայտնում է TACC-ը:
«Ձեր ղեկավարած ծառայություններն ու գերատեսչություններն ունեն լուրջ գործառնական, տեխնիկական և կադրային հնարավորություններ, և այսօր կարևոր է առավելագույնս օգտագործել այս հզոր ներուժը` մեր պետությունները, ամբողջ միությունը հուսալիորեն պաշտպանելու ներքին և արտաքին սպառնալիքներից»,- ասել է Պուտինը:
«Այս խնդիրների իրականացման ընթացքում համակարգված աշխատանքը բոլոր առանցքային ոլորտներում, տեղեկատվության մշտական փոխանակումը և համատեղ գործողությունները մեծ պահանջարկ ունեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Պետք է քննարկել ԱՊՀ երկրների ինքնիշխանության և ազգային շահերի անվտանգության ապահովմանն առնչվող արդիական հարցերի լայն շրջանակ, կիսել փորձը և նոր զարգացումները, վերլուծել աշխարհում և Եվրասիական տարածաշրջանում առկա իրավիճակը, կանխատեսումներ անել ապագայի համար», – ասել է նախագահը ՝ վստահություն հայտնելով, որ հանդիպման ընթացքում ընդունված որոշումները կծառայեն ԱՊՀ տարածքում խաղաղության և կայունության ամրապնդմանը, կնպաստեն մեր երկրների հետագա առաջադեմ զարգացմանը:
Ըստ Սերգեյ Նարիշկինի՝ հանդիպմանը ժամանել էին ԱՊՀ երկրների ինը հատուկ ծառայությունների պատվիրակություններ` Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը: Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: