Մեր կողմից ներկայացվող քննչական պահանջների կատարման օպերատիվությունն և որակն է աճել, և Իրանի քաղաքացիների պաշտպանության, հատկապես դատապարտյալների փոխանցման գործընթացներում ունենք էական առաջընթաց: Այս մասին Իրանի գլխավոր դատախազի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Այսօրվա մեր հանդիպումը լինելով հերթականը, ըստ էության, նպատակ ուներ արձանագրելու մեր նախորդ հանդիպումների ձեռքբերումները և, իհարկե, անդրադառնալ նոր մարտահրավերներին, իսկ նոր մարտահրավերներ մենք ունենք, հատկապես նախորդ տարի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների անվտանգության առնչությամբ առաջացել են նոր մարտահրավերներ, որոնք հատկապես իրավական գործընթացներում իրենց լուծումները արագ գտնելու անհրաժեշտություն ունեն»,- ամփոփելով հանդիպումը՝ նշել է Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: