Ռուսաստանի Դաշնությունը և նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ որոշիչ դեր ունեցան 44-օրյա պատերազմը դադարեցնելու գործում, Ռուսաստանն առանցքային դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, որն անցկացվում է առցանց:
Այսօր Հարավային Կովկասի տարածաշրջանը գտնվում է շատ կարևոր փոխակերպումների եզրին, և քաղաքական կամքի և իմաստության դրսևորմամբ կարելի է տարածաշրջանում պայմաններ ստեղծել իրական խաղաղության և կայունության համար, նշել է Հայաստանի վարչապետը:
«Մենք պատրաստ ենք նման փոփոխությունների: Ավելին, դրանք համընկնում են ապագայի մեր տեսլականի հետ: Իր գործունեության ծրագրում ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել բացել մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի խաղաղ զարգացման նոր դարաշրջան: Հաղթելով այս տարվա հունիսին կայացած արտահերթ ընտրություններում՝ մենք ստացանք այս հիմնարար նպատակին հասնելու մանդատ»,- ասաց Փաշինյանը:
Նա միաժամանակ մատնանշեց մի շարք գործոններ, որոնք կասկածի տակ են դնում տարածաշրջանում խաղաղության հնարավորությունը:
«Չնայած բոլոր քաղաքական ջանքերին և հակառակ եռակողմ հայտարարության՝ շարունակում են մարդիկ մահանալ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին»,- ասաց Փաշինյանը: Այս համատեքստում նա առաջարկեց միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի խախտումների վերահսկման եռակողմ մեխանիզմների ամրապնդում:
«Թշնամանքի և ատելության հռետորաբանությունը, մշտական սպառնալիքներն ու սադրանքները մեզ համար դարձել են ամենօրյա: Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի: Եվ այս պայմաններում շատ դժվար է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը: Միևնույն ժամանակ, շեշտեց Փաշինյանը, Հայաստանը վճռական է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար և հստակ պատկերացում ունի, թե ինչպես հասնել այս նպատակին.
«Երկխոսություն և թշնամանքի մթնոլորտի աստիճանական հաղթահարում, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում. սա մեր կարծիքով միակ ուղին է, որը կարող է տանել այս նպատակին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս համատեքստում շատ կարևոր է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունները:
Փաշինյանն ասաց, որ եռակողմ հանձնաժողովի շրջանակներում աշխատանքներ են տարվում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ և մոտ ապագայում կոնկրետ արդյունքների հույս հայտնեց:
«Սա նշանակում է, որ Հայաստանը կստանա երկաթուղային և ճանապարհային կապ Ռուսաստանի հետ և Իրանի հետ երկաթուղային կապ Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը Նախիջևանի հետ երկաթուղային և ճանապարհային կապ՝ Հայաստանի տարածքով: Հայաստանը սատարում է տրանսպորտային հաղորդակցության բացման սցենարներին, որոնք կդառնան խաղաղության հաստատման խորհրդանիշներ և միջոցներ, այլ ոչ թե մեկուսացում և թշնամանք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այն մթնոլորտը, որում քննարկվում են այդ հարցերը, չափազանց կարևոր է քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման գործում առաջընթացի հասնելու համար:
«Այստեղ պետք է ցավով արձանագրեմ, որ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, Ադրբեջանը դեռ չի վերադարձել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և կալանավորված այլ անձանց»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ հիմնական խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է: «Դրա համար մենք կարևոր ենք համարում վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով նաև, որ համանախագահները վերջերս բազմիցս հայտարարել են խաղաղ գործընթացը վերսկսելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ կարևոր քայլ կլինի ՄԽ համանախագահների առաջիկա ժամանումը տարածաշրջան և նրանց այցը Լեռնային Ղարաբաղ:
Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը ևս մեկ գործոն է, որը կարող է կատալիզատորի դեր խաղալ առկա խնդիրների լուծման գործում, և Ռուսաստանը, ըստ Փաշինյանի, պատրաստակամություն է հայտնում լիարժեք աջակցել այս գործընթացին: Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը հերքեց Իլհամ Ալիևի հայտարարությունն Իրանի և Հայաստանի միջև թմրամիջոցների ապօրինի շրջանառության առկայության մասին: Հակառակը՝ Հայաստանի և Իրանի իրավապահ մարմինները շատ արդյունավետ համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, ընդգծեց նա: