«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Նյու Յորքում հանդիպում է նախաձեռնել Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ, սակայն ընդամենը 10 մարդ է եկել: Թեեւ կազմակերպությունը շուրջ 300 գրանցված անդամ ունի, որոնցից շուրջ 30-ը Նյու Յորքում է բնակվում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթների ընթացքում կառավարության շենքի դիմաց պարբերաբար հավաքվում են Արցախի տարբեր շրջաններում իրենց բնակավայրերն ու տները կորցրած արցախցիները՝ հադրութցիներ, քաշաթաղցիներ, քարվաճառցիներ: Թերթի տեղեկություններով, վերջին շրջանում Արցախից տարբեր խողովակներով կապ են հաստատում Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրան ներկայացնելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ֆինանսական տարբեր չարաշահումների մասին տեղեկություններ։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ Փաշինյանը հայաստանյան պետբյուջեից Արցախին հատկացվող գումարների մասով առանձին աուդիտ կազմակերպի, որպեսզի հասկանալի լինի, թե այդ հատկացումներն ի՞նչ ճակատագիր են ունենում և կոնկրետ ինչի՞ն են ծառայել։
Հավելենք նաև, որ, մեր ունեցած տեղեկության համաձայն, վերջին շրջանում Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայաստանյան իշխանությունների վստահությունը նկատելիորեն նվազել է, ուղղակի նրանով դեռևս չեն զբաղվում, որովհետև դրա ժամանակը չունեն առայժմ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն մոտ 3 ամիս է՝ ձեւավորվել է, սակայն մինչ օրս չի ձեւավորվել ՀՀ եւ Արցախի ԱԺ-ների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, որը նախկինում, որպես կանոն, ղեկավարել են ԱԺ խոսնակները, ընդգրկված են եղել բոլոր խմբակցությունների պատգամավորները, եւ այն ծառայել է Արցախի հետ կապերի ամրապնդմանը։ Հանձնաժողովը չձեւավորվելու պատճառով Հայաստան է ժամանել Արցախի ԱԺ պատվիրակություն՝ կազմված խմբակցությունների ղեկավարներից ու հանձնաժողովների նախագահներից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 5-ին պետք է ներկայանա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պետք է քաղաքապետ Մարությանը ներկայացնի 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի` քաղաքապետարանի ծախսերն ու եկամուտները: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության ներսում քննարկվել է այն հարցը, թե արդյոք Մարությանը կբարեհաճի գալ ԱԺ, քանի որ իշխանության հետ կտրականապես կտրել է իր կապը ու, հնարավոր է, արհամարհի օրենսդիր մարմնին ու չգա խորհրդարան»: