Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին: Այս մասին հայտարարել են դաշինքից:
«Հատկանշական է, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վաղեմության ժամկետն անցած քրեական հետապնդման շրջանակներում, ինչն արդեն ծաղր է իրավունքի նկատմամբ: Երկրի համար այս ծանր պայմաններում մեծ կապեր և արտաքին գործընկերների հետ շփման փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության իրավունքի հերթական խախտման փաստը, երբ նրանց պարզապես արգելվում է միջազգային կազմակերպություններում ներկայացնել Հայաստանը, ևս մեկ անգամ վկայում է ժողովրդավարության քայքայումը մեր երկրում»,- ասված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։