Իշխող թիմը, որպես պարտավորություն, հետևելու է, որ ՏԻՄ ընտրությունների ընթացքը օրենքի սահմաններում լինի: Այս պահի դրությամբ ամեն ինչ օրենքի սահմաններում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը Գյումրիում ՏԻՄ ընտրություններին առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն է:
Դիտարկմանը՝ կան տեղեկություններ, որ ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառում, և ինքը քաղաքացիներին 50 հազար դրամ է բաժանել, Հ. Հարությունյանն արձագանքեց.
«Ես առաջարկում եմ բոլոր նման դեպքերը տալ իրավապահ մարմիններին»: Անդրադառնալով ընտրությունների նախաշեմին 50 հազար դրամներ բաժանելուն, նա սկզբում նշեց, որ նման բան չկա:
Երբ լրագրողները հիշեցրին, որ այդ մասին համապատասխան որոշում կա՝ նա շեշտեց.
«Դա սոցիասլական աջակցություն է ու կապ չունի ընտրությունների և որևէ այլ գործընթացների հետ: 30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել, թող մտածեին, մարդկանց 30 տարի սոված չթողեին ու հիմա նման բաներ չասեին»:
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: