Դա սխալ տպավորություն է, այդ հարցով պաշտոնական հաղորդագրություն կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Փելա սարն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ ու տպավորություն է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացն արդեն սկսվել է։
Անդրադառնալով ապաշրջափակման հնարավորությանը, Մոսկվա կատարվելիք այցին ու օրակարգին՝ նա նշեց․
«Մենք որոշակի պատկերացումներ ենք ձևավորել երկաթուղու մասով։ Որոշակի պատկերացումներ ու նախնական պայմանավորվածություններ ունենք առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումներն իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական կարգավորումների շրջանակներում։ Մենք քննարկելու ենք ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ նոր փաստաթղթի ստորագրում նախատեսվո՞ւմ է, թե միանագամից դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց է սկսվելու, նա ասաց․
«Որպեսզի մենք խոսենք սահամնների մասին, նախևառաջ մենք պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված ամբողջ իրավական բազան, ընդ որում, իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրների ստորագրություն։ Դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին։ Քարտեզների վրա պետք է իրավական հիմք լինի, որոնց վրա մենք հիմա աշխատում ենք»։
Նրա խոսքով՝ ապաշրջափակումը տարածաշրջանային կարևոր դերակատարություն ունի։
Անդրադառնալով միջանցքի տրամադրման վերաբերյալ հարցին՝ նա շեշտեց․ «Ես կրկնում եմ՝ միջանցքի տրամադրման հարց ուղղակի չի քննարկվում»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։ ԱԱԾ-ն հերքել էր լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին: Նշենք՝ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։ Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը գրառում էր արել՝ նշելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունները հերթական նվերն են մատուցում իրենց կիրթ ու կառուցողական բարեկամներին`զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում:
Հավելենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն։
ՀՀ փոխվարչապետը հոկտեմբերի 20-ին կմասնակցի Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ եռակողմ հանդիպմանը։