2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 19-ը` ժամը 11.00-ն:
Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 7 դիմում է ստացել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը (նստավայրը՝ ք.Գորիս): Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել Տաթև համայնքի 34/20, 34/21, 34/22, 34/23, 34/24, 34/25 և Գորիս համայնքի թիվ 34/12 տեղամասում:
Տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել նաև սեփական նախաձեռնությամբ իրականացնել վերահաշվարկ Տաթև համայնքի 34/19 տեղամասում և Տեղ համայնքի 34/27 տեղամասում:
Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը այսօր ժամը 14:00-ից կսկսի իրականացնել վերահաշվարկը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին հանրապետության 6 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել։
Սյունիքի Մեղրի համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, նախնական արդյունքներով, հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը։ Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում հաղթել են իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։ Տաթևում 1281 ձայնով առաջատար է ՔՊ թեկնածու Արթուր Մաթևոսյանը, իսկ Տեղ համայնքում՝ 1501 ձայնով Դավիթ Ղուլունցը։ Տեղ համայնքում ընտրապայքարը տեղի է ունեցել ՔՊ-ի և «Ապրելու երկիր» կուսակցությունների միջև։ Դիլիջանում հաղթել է ՔՊ թեկնածու՝ Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը՝ 57 տոկոս ձայնով։ Գորիսում հաղթել է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Գյումրիում հաղթել է «Բալասանյան դաշինքը»։