«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրությունների արդյունքներն իշխանություններին ստիպել են կոշտացնել ռազմավարությունը` չէ՞ որ ՏԻՄ ընտրությունների դեռ երկու փուլ կա։ Մարզային կառույցներին արդեն ասվել է, որ փող ու ռեսուրսներ չխնայեն եւ կրկին քննարկեն որոշ թեկնածուների առաջադրման նպատակահարմարությունը։ Օրինակ՝ Արարատի կառույցում վստահ են, որ Վեդիում կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի առաջադրման դեպքում արդյունքը կլինի այնպես, ինչպես Գյումրիում եւ Գորիսում։ Նույնը Վանաձորի եւ Կապանի դեպքում է: Մյուս կողմից՝ որեւէ հեղինակավոր մարդ չի համաձայնում առաջադրվել ՔՊ ցուցակով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համայնքների խոշորացման ծրագիրը նախընտրական նոր կրքեր է բորբոքում մեր երկրում: Օրեր առաջ իշխող «ՔՊ»-ն պարտություններ կրեց Գորիսում, Մեղրիում եւ Գյումրիում ու ի ցույց դրեց այն, որ կուսակցության ներսում, առանց Նիկոլ Փաշինյանի, թեկուզ եւ թեթեւ հարցեր լուծելու, կազմակերպելու ունակ մարդ չկա: Սրան զուգահեռ մեզ տեղեկություններ են հասնում, որ թիմի ներսում շատ են առանձին «խաղեր տվողները», որոնք, առանց համաձայնեցնելու իշխանությունների հետ, սկսել են խոշորացվող նոր համայքներում «իշխանիկներ» կարգել: Երեկ ահազանգ ստացանք, որ Շիրակի՝ մեծությամբ երկրորդ խոշորացվող քաղաք Արթիկում սկսել են գլուխ բարձրացնել կիսակրիմինալ տարրերը, որոնք ցանկանում են գալիք ընտրություններում իրենց թեկնածուն ունենալ՝ ի դեմս Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան մեր գերիների մի փոքրիկ խումբ էլ վերադարձավ հայրենիք` 5 հայ երիտասարդ: Նրանց թվում` գյումրեցի Մելս Ամբարդարյանը։ Եղբայրը՝ Տիգրանը, մեզ ասել էր, որ նրա վերադարձն անակնկալ էր ընտանիքի համար․ «Ոչ մի բան չգիտեինք, ոնց բոլորը, մենք էլ սպասումների մեջ էինք»։ Այս տարվա հունիսին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել 13 հայ զինծառայողի, այդ թվում՝ Մելս Ամբարդարյանին՝ «ահաբեկչության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու» համար»։
«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրիում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն՝ չնայած ՔՊ-ի պարտությանը, իշխանականները շատ չեն ընկճվել: Որովհետեւ, ըստ նույն լուրերի, նախկին քաղաքապետ Բալասանյանը, ում Փաշինյանի իշխանությունը ոչ միայն խնայեց, այլ նաեւ թույլ տվեց պատվով հեռանալ, որոշել է հեռանալով` ծառայել իշխանություններին: Մասնավորապես, որդու կուրացիայի տակ թողնելով «Բալասանյան» դաշինքը, հասավ լուրջ հաջողության, սակայն ի սկզբանե մտադրված լինելով, այսպես ասած, փոխշահավետ համագործակցության»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն արդեն 1,5 ամսից ավելի է, ինչ կալանքի տակ է պահում ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին: Վերջինիս պաշտպաները դիմել են ՀՔԾ, որ այս գործով քննի Շանթի Յուրայի դեմ քրեական գործով քննիչին ու դատախզին: Կմտածեք՝ ինչ կապ ունի Աղվան Հովսեփյանը, նրա կալանքը Շանթի Յուրայի տան հարձակման հետ. բանն այն է, որ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը՝ խարդախության, կաշառքի գործով, հիմնված է նույն Յուրայի տված ցուցմունքների վրա»։
«Իրավունք» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ Գորիսի եւ Գյումրու ընտրական պայքարն ընդդիմադիր ուժերի մոտ նոր հույս է ծնել, որ առաջիկա նոյեմբերի 14-ի եւ դեկտեմբերի 5-ի ընտրություններում կարող են վճռորոշ հաղթանակ տանել գործող իշխանությունների առաջադրած թեկնածուների նկատմամբ: Զորօրինակ, Արարատի մարզում ընտրություններին ընդառաջ արդեն երկու նոր քաղաքական ուժ է ստեղծվել, որոնք համալրված են նախկին մարզային օդիոզ կերպարներով»: