«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Վանաձորի ընտրություններում մարզպետ Արամ Խաչատրյանի թեկնածության առաջադրումից ՔՊ-ն գրեթե հրաժարվել է` հասկացել են, որ կարող է Գյումրին կրկնվել, ուստի որոշել են առաջ մղել ցուցակի 2-րդ համարի թեկնածու Մանվել Ոփյանին: Նա դասախոս է, գիտությունների թեկնածու, նաեւ` բիզնեսմեն. «Արփիգազ», «Արփիտաքսի» ծառայությունների սեփականատերը եւ բավականին հեղինակություն է վայելում, այնպես որ, կկարողանա Մամիկոն Ասլանյանին լուրջ մրցակից լինել: Ոփյանին հնարավոր է աջակցի նաեւ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Իսկ Ասլանյանը, որի փոխարեն վերջերս ապօրինաբար ԺՊ նշանակեցին, դաշինքով է մասնակցելու։ Նա բանակցել է մի շարք կուսակցությունների հետ, նախ` ՔՊ-ի, ապա Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատների» հետ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանությունները 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պատերազմ հայտարարեցին բոլոր այն համայնքների ղեկավարներին, որոնք քննադատել էին ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանին կամ ընտրությունների ժամանակ աշխատել են այժմյան ընդդիմության օգտին: Արդյունքում Երեւանից Սյունիքի մարզ գործուղվեցին մի շարք քննիչներ, ու սկսվեց համայնքների ղեկավարների ձերբակալման ու Երեւանում հարցաքննելու գործընթաց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ Սյունիքի մի շարք համայնքի ղեկվարների ձերբակալման ու Երեւան տեղափոխման օրը իրավապահներն ուշագրավ պատմության մեջ են ընկել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցնծություն են պարգեւել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ ամրապնդել նրա դիրքերը: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանի թիմն ամեն գնով ուզում է ազատվել նրանից եւ արտահերթ ընտրություններ անցկացնել Երեւանում։ Գյումրիի եւ Գորիսի արդյունքներից հետո պարզ է, որ եթե մարզերում է այսպիսի վիճակ, ապա Երեւանում ՔՊ-ի համար գրեթե անհնարին կլինի հաղթանակ տանելը, ինչը նշանակում է, որ Մարությանը կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի վերջին օրը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած ՏԻՄ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, մարզերում շարունակում է չափազանց կարևոր մնալ անձերի գործոնը, և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները շարունակում են ընկալվել այս կամ այն անձին համայնքի ղեկավար ընտրելու միջոց։ Այս առումով հետաքրքիր իրավիճակ է նախկին Նոյեմբերյանի շրջանի ամբողջ տարածքը ընդգրկող խոշորացված համայնքի ընտրություններ ի առումով, որտեղ պայքարը ոչ թե քաղաքական ուժերի, այլ հիմնականում անձերի մեջ է»։