Կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի տասնմեկերորդ փոփոխությունը»:
Որոշման համաձայն՝ Միացյալ Նահանգները Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 1,9 միլիոն դոլար:
Արդյունքում, ինչպես նշված է ծրագրի հիմնավորման մեջ, ԱՄՆ ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանում կգերազանցի 66 մլն ԱՄՆ դոլարը: Հատկանշական է, որ փոփոխությունը նախատեսում է հակամարտությունից անմիջականորեն տուժած, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների, վիրավոր կամ անհայտ կորած անձանց ընտանիքի սոցիալական ծառայությունների տրամադրում: Հակամարտության ազդեցությունը մեղմելու համար կօգտագործվի լրացուցիչ 1,4 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում:
«Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագիրը կնքվել է ՀՀ և ԱՄՆ միջև 2013թ. սեպտեմբերի 28-ին: Համաձայնագրի հիմնական նպատակն է՝ օգնել Հայաստանին արագ անցում կատարել դեպի կառավարման ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական ձևին: