«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում եւ Գյումրիում կրած ֆիասկոյից հետո իշխանությունը 24-ժամյա ռեժիմով աշխատում է հաջորդ ընտրությունների ուղղությամբ։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունում երեք անձ` Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը, ողջ օրը մարդկանց են ընդունում, զրուցում, հրահանգավորում, քննարկում անելիքները: Տարօրինակ է, որ այս գործին ակտիվ մասնակցում է նաեւ որեւէ կոնկրետ կարգավիճակ չունեցող նախկին փոխվարչապետը` Տիգրան Ավինյանը, որը տապալեց Սյունիքի ընտրությունները։ Նրանք ընդունում են պոտենցիալ թեկնածուներին, «հարցաքննում» նրանց եւ ճանապարհում՝ ասելով, որ կտեղեկացնեն՝ արդյո՞ք արժանացել են ՔՊ ցուցակով առաջադրվելու պատվին, թե՞ ոչ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 14-ից, երբ քաղաքացիները, ԱՆ նախարարի հրամանով, ստիպված էին կա՛մ պատվաստվել, կա՛մ բացասական թեստի պատասխան ներկայացնել, լաբորատորիաներում, որտեղ իրականացվում են կորոնավիրուսի թեստավորումներ, քաղաքացիների մեծ կուտակումներ ու հերթեր են։ Պատվաստումից խուսափող քաղաքացիները, ըստ նախարարի հրամանի, ստիպված են բացասական թեստի պատասխան ներկայացնել գործատուին, որպեսզի հետագայում չզրկվեն աշխատանքից։ Մեր աղբյուրները հայտնում են, որ, պարտադիր թեստավորման պահանջով պայմանավորված, երկրում սկսում է նկատվել թեստերի դեֆիցիտ, ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել թեստերի գնաճի»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել` վերահաշվառում է իրականացնում, որպեսզի պարզի, թե ովքեր են ուզում շարունակել ճանապարհը Հանրապետական կուսակցության հետ, եւ քանի անդամ է մնացել ՀՀԿ-ում։ Դեկտեմբերին ՀՀԿ-ն համագումար է անելու, որտեղ կամփոփեն վերահաշվարկի արդյունքները եւ կհրապարակեն իրենց հետագա մարտավարությունը։ Եվ չնայած գործընթացը դեռ չի ավարտվել, սակայն մեզ որոշ տվյալներ հայտնի են դարձել։ Մասնավորապես, երբեմնի իշխանական 120-130 հազարանոց կուսակցությունից այս պահի դրությամբ մնացել է 10 հազարից մի քիչ ավելի անդամ, համենայնդեպս՝ այդքան դիմում են ստացել, որտեղ մարդիկ նշել են ՀՀԿ-ին իրենց անդամակցությունը շարունակելու ցանկության մասին։ ՀՀԿ-ական մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ վերջին 2-3 ամիսներին նոր դիմումներ էլ են ստացել` մոտ 350 անձից, հիմնականում` երիտասարդներից»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ մեկուսացել էր՝ չէր շփվում թիմի հետ: Անգամ ՏԻՄ ընտրություններից հետո չէր հավաքել թիմին, որ «դուխ» տար եւ կատարվածը վերլուծեր։ Միակ մարդը, ով վերջին շաբաթներին ելումուտ է անում եւ անմիջական կոնտակտ ունի նրա հետ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է։ Նա գրեթե ամեն օր երեկոյան հյուրընկալվում է կառավարական առանձնատանը եւ մի քանի ժամ առանձնանում նրա հետ։ Թե ինչու հենց Ռուբինյանը, եւ ինչ հարցեր են ժամերով քննարկում, մեր աղբյուրները չգիտեն: Ենթադրում են, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կապը նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փոխարեն այժմ ապահովում է Ռուբեն Ռուբինյանը, բայց դա ընդամենը վարկած է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր խորհրդարանում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ կհաստատվի հոկտեմբերի 25-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը: Առաջին հարցը, որը հաստատվելու է, Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագիծն է, որը պետք է քննարկվի նաեւ հանձնաժողովների նիստերում: ԱԺ խորհուրդը պետք է հավանության արժանացնի նաեւ կառավարության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Ըստ այդ փոփոխության՝ սահմանվում է, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով»։