Մինչև ՀՀ Զինված ուժերում արմատական ու իրական բարեփոխումներ չարվեն, մենք որևէ հարցում հաջողություններ ակնկալել ուղղակի չենք կարող։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում Զինված ուժերը համապատասխան մարտական վիճակի բերելու, սահմանագծին անհրաժեշտ ամրաշինական աշխատանքներ կատարելու ուղղությամբ։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այս ամենի փոխարեն իշխանությունն այսօր զբաղված է տարբեր քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների, լրագրողների նկատմամբ քաղաքական տարբեր գործիքների կիրառմամբ։
Նա նշեց, թե այս իշխանության միակ նպատակը քողարկելն է այն իրական իրավիճակը, որը կա առաջնագծում։
«Ցավոք, Արցախի ու Հայաստանի շուրջ տարվող գործընթացի մի հսկայական մաս այսօր շարունակում է մնալ չհանրայնացված։ Այս իշխանությունների կեցվածքը, վարած քաղաքականությունը ինքնին ցույց է տալիս, որ որևէ գործընթացում նվազագույնն այս փուլում Հայաստանը չի կարող շահած դուրս գալ»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
Բանախոսի դիտարկմամբ՝ գերիների հարցը Ադրբեջանը շահարկման առարկա է դարձրել։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը գերիների հարցը փորձում է օգտագործել Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար։