Հայաստանում պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ կանխելու համար Հայաստանի թուրքացումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ իրենց և իշխանությունների պատկերացումները երկրի ապագայի մասին տարբեր են։
«Մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է և դա ներկայացնում են իբրև կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացում, այս ամենը կեղծ է, իրականությունից կտրված գործընթացներ են, այդ ամենը տեղի է ունենալու Հայաստանի կենսական շահերի հաշվին»,- նշեց Սաղաթելյանը։
Այն, ինչ կատարվում է, ըստ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի, լինելու է նոր կապիտուլյացիայի պայմանագիր, Հայաստանն իրականացնելու է նոր զիջումներ։ Այն կանխելու համար խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավարը գտնում է, որ համահայկական ուժերով պետք է ձևավորվի ազգային դիմադրություն։
Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք սենյակային ընդդիմություն չեն և քննարկումներով չենք բավարարվելու, հետևաբար, առաջիկայում՝ մյուս շաբաթ, պատրաստվում են մեծ հանրահավաք անցկացնել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտնել էր, որ պատրաստվում են փողոցային պայքարի դուրս գալ։