ԱՄՆ-ը աստիճանաբար կորցնում է իր դիրքերն աշխարհում, միաժամանակ նկատվում է Չինաստանի դերի աճը: Այս մասին «Մտքերի հայկական գագաթնաժողովի» ժամանակ տեսակապով հայտարարեց Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին:
Նրա խոսքերով՝ այդ գործընթացը հատկապես պարզորոշ երևում է Խորհրդային Միության փլուզումից հետո: Այդ ժամանակ Չինաստանը կենտրոնացած էր սեփական արդյունաբերական պոտենցիալի զարգացման վրա՝ ստեղծելով անհրաժեշտ ձեռնարկություններ և ենթակառուցվածքներ: Ոչ ոք լուրջ չէր վերաբերվում Պեկինի քայլերին, առավել ևս՝ ոչ ոք չէր սպասում այդ երկրի երկարատև զարգացմանը:
«Այսօր Չինաստանի կողմից ակնհայտ են արդեն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մարտահրավերները: Բայց ավտորիտար պետությունները ժամանակի ընթացքում դառնում են է՛լ ավելի ավտորիտար»,- շեշտեց Ռոմանո Պրոդին:
Նրա հետ համաձայնեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով նկատեց, որ 30 տարի առաջ դժվար թե ինչ-որ մեկը կարողանար ենթադրել, որ Չինաստանը կհասնի այն մակարդակին, որին հասել է այսօր: Բնականաբար, ՉԺՀ-ի հաջողությունը հանդիսանում է բազմաթիվ գործոնների արդյունք, առաջին հերթին դա պայմանավորված է կառավարման կայուն կառուցվածքով, իշխանության հետևողական փոփոխությամբ: Նախագահը նկատեց, որ Չինաստանի զանգացման հարցում վերջինը դերը չէ, որ խաղացել են ԱՄՆ-ը և Եվրոպան, որոնք չինական շուկա են ներմուծել նոր տեխնոլոգիաներ:
Երկու բանախոսն էլ շեշտեցին Ռուսաստանի դերը համաշխարհային գործընթացներում: Մասնավորապես, Արմեն Սարգսյանը նշեց, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները հանգեցրել են այդ երկրի գյուղատնտեսության զարգացմանը, որը սկսել է արտահանել մեծ քանակի ցորեն, ինչպես նաև զբաղեցրել է առաջատար դիրք մսի արտադրության ոլորտում:
Այդ կապակցությամբ Ռոմանո Պրոդին նշեց, որ քայլ առ քայլ Եվրոպան մշակում է քաղաքականություն, որում Ռուսաստանին հաշվի են առնելու:
ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցների պատճառով ներկա դրությամբ ռուսական շուկան կորսված է ամերիկյան և եվրոպական կամակերպությունների համար: