Լրագրողների միջազգային Ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, միանալով Հայաստանի լրագրողների միությանը, դատապարտել են ՀՀ-ում 2021թ. հոկտեմբերի 5-ին ընդունված Վիրավորանքի և զրպարտության մասին նոր օրենքը, որը, նրանց կարծիքով, սահմանափակում է խոսքի ազատությունը:
IFJ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանջերն ասել է. «Մենք ՀԺՄ-ի կողքին ենք՝ ընդդեմ մի օրենքի, որն ունի հստակ քաղաքական նպատակ և դրամատիկ հետևանքներ կունենա մամուլի և լրատվամիջոցների աշխատողների վրա»:
EFJ գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզն իր հերթին նշել է. «Այլ երկրների փորձառությունից մենք գիտենք, որ նման բարձր տուգանքներն օգտագործվում են լրագրողներին վախեցնելու և լռեցնելու համար։ Մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերանայել օրինագիծը՝ մեր գործընկերների հետ երկխոսելով»:
Ֆեդերացիաների հայտարարության մեջ նշվում է, որ օրենքն ընդունվել է Հայաստանի Ազգային Ժողովի կողմից 2021թ. մարտին, այն բանից հետո, երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը վիրավորական գրառում է արել ՀՀ վարչապետի լուսանկարի տակ: Այդ ամսին օրենքը հավանության է արժանացել Սահմանադրական դատարանի կողմից: Օրենքը սահմանում է, որ վիրավորանքի համար առավելագույն տուգանքը կկազմի 5.400 Եվրո, իսկ զրպարտության համար՝ առավելագույնը 11.000 Եվրո:
Օրենքի նախագիծն ուղարկվել էր Սահմանադրական դատարան այն բանից հետո, երբ այն հրաժարվել էր վավերացնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Իսկ հոկտեմբերի 5-ից օրենքը այնուամենայնիվ, մտել էր ուժի մեջ: