«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաեւ «Հայաստան» դաշինքը, եւ ցուցակը, ըստ Վանաձորում պտտվող լուրերի, գլխավորելու է Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ զբոսաշրջության բաժնի պետ Գոռ Բադյանը։ Մենք կապվեցինք Բադյանի հետ՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ Դուք եք գլխավորելու «Հայաստան» դաշինքի ցուցակը, ասաց` ոչ, ճիշտ չէ։ Չե՞ք մասնակցելու ընտրություններին, Բադյանը պատասխանեց․ «Դեռեւս նման որոշում չկա կայացված»։ Իսկ «Հայաստան» դաշինքի հետ քննարկումներ, բանակցություններ սկսվե՞լ են։ «Դեռեւս ոչ»: Հարցին, թե ցանկություն ունի՞ մասնակցելու ընտրություններին, Բադյանն ասաց. «Բերեք այդ հարցին չպատասխանեմ»»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի համար իսկական գլխացավանք են դարձել ամենօրյա խցանումները, հատկապես «պիկ» ժամերին: Հետաքրքիր է, որ առանձին փողոցներ հայտնի են առավել մեծ ու «մշտական» խցանումներով, այսինքն, որոշակի ուսումնասիրության կարիք կա, թե ինչու են հատկապես այդ հատվածներում առաջանում լուրջ խցանումներ: Մյուս կողմից՝ երեկ հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ թեկուզ միայն հանրակրթական դպրոցների արձակուրդները էապես թեթևացնում են երթևեկությունը մայրաքաղաքում: Փաստացի արձակուրդների առաջին իսկ օրը, կարելի է ասել, էական խցանումներ չկային: Այս հանգամանքը նորից մտորելու տեղիք է տալիս, թե միգուցե արժե վերադառնալ առաջարկին, որ դպրոցների, բուհերի դասերի սկիզբը զգալիորեն տարբերվեն միմյանցից, ինչպես նաև պետական հիմնարկների աշխատանքային ժամերից»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ակտիվ խոսակցություններ են տարածված ՔԿՀ-ներում այն մասին, որ արդարադատության նորանշանակ նախարարը նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկիզբին համաներում կհայտարարի: Ի դեպ, ըստ լուրերի, այս համաներումը կապ չունի զինվորականների համաներման հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արդարադատության նախարարություն, որտեղից ասացին, որ իրենք նման տեղեկատվություն չունեն: Հիշեցնենք, որ կառավարությունը մտադիր է համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիներին, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է Քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագիծը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ուրիխանյան-Տիգրան Արզաքանցյան նորաթուխ միավորումը եւս հայտ է ներկայացնելու՝ Վանաձորի ընտրություններին մասնակցելու համար: Նրանց թեկնածուն քաղաքում հայտնի «Գոջի» մականունով Կարեն Էդարյանն է: Վերջինս նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի թիկնապահն է եղել։ Նրա անունը շոշափվել է տարբեր աղմկոտ պատմություններում: Մենք գրել էինք, որ Գորիսում պարտությունից հետո իշխանությունը քննարկում է համայնքապետերի թեկնածուներին փոխելու հարցը: Մասնավորապես, Վանաձորում հասկացել են, որ մարզպետ Արամ Խաչատրյանի շանսերը մեծ չեն, եւ որոշել են առաջ քաշել դասախոս, բիզնեսմեն Մանվել Ոփյանին: Սակայն երկար քննարկումներից հետո հետ են կանգնել այդ մտքից, եւ ցուցակի առաջին համարը, ըստ ամենայնի, կլինի Արամ Խաչատրյանը: Թեեւ ասում են, որ այլ առաջարկներ էլ են եղել․ Մամիկոն Ասլանյանի, անգամ Ակայի թեկնածությունն է քննարկվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կորոնավարակի դեմ պատվաստվել չցանկացող մեր հայրենակիցների համար, կարծես թե, գալիս է ամենատհաճ պահերից մեկը. հազարավոր մարդիկ չեն կարողանա Հայաստանից դեպի Ռուսաստան գնալ, առանց պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատի: Երեկ առողջապահության ոլորտի մեր աղբյուրներից նման վերլուծություն ու տեսակետ հայտնեցին: Որպես ասածի վկայություն՝ նշվեց նաեւ այն, որ այս պահին Ռուսաստանը փաստացի «լոքդաունի» մեջ է մեկ շաբաթով, իսկ Մոսկվան անցնում է չորսամսյա հատուկ ռեժիմի: Նման իրավիճակի պատճառը կորոնավարակի տարածման ահագնացող չափերն ու գրանցված մահվան դեպքերի թիվն են: Ճշգրտման համար ասենք, որ խոսքը ոչ թե թեստ տալու եւ քովիդ վարակակիր չլինելը հավաստելու, այլ պատվաստված լինելու մասին է»։