Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում՝ Սև լճից վերև, Իշխանասարի հատվածում, այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Սիսիանի նախկին համայնքապետ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը հոկտեմբերի 26-ի ճեպազրույցում: Նա պատմեց, որ սույն թվականի մայիսի 23-ից հունիսի 7-ն այդ տարածքում Սիսիանի ավագանու իր ընկերների հետ իրականացրել է պաշտպանություն և տիրապետում է անվտանգային իրավիճակին:
Անդրադառնալով Սյունիքում վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին՝ Սարգսյանը նշեց, որ Մեղրիում և Գորիսում ընտրությունների արդյունքներն արտացոլեցին իրականությունը։ «Տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունն այլ բնույթ ունի, համապետականը՝ այլ։ Այս ընտրությունների արդյունքով դուք տեսաք, որ Առուշ Առուշանյանը բացարձակ հաղթանակ տարավ, Մեղրիում նույնպես հաղթանակ եղավ»,- ասաց Սարգսյանը։
Նա նաև մեկնաբանեց Սյունիքում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ եղած ակցիան՝ շեշտելով, որ այն կազմակերպված չի եղել։
«Ամեն ինչ եղել է ինքնաբուխ։ Ժողովուրդն իր բողոքն է արտահայտել։ Պայմանագիրը նոր ստորագրվել էր, մարդիկ բորբոքված էին, դրա համար այդպես տեղի ունեցավ։ Այդտեղ կազմակերպչական բան չի եղել, ես այնտեղ եմ եղել և մասնակցել եմ»,- նշեց նա։
Անդրադառնալով Կապանում սպասվող ընտրություններին՝ Սարգսյանն ասաց, որ աջակցելու է գործող համայնքապետ Գևորգ Փարսյանին։
«Գևորգ Փարսյանն իմ ընկերն է և այս տարիների ընթացքում շատ գործեր է արել Կապանի համար։ Ես վստահ եմ, որ կապանցիները ճիշտ ընտրություն կկատարեն և իրենց ձայնը կտան Գևորգ Փարսյանին։ Ես, որպես ընկեր, իր կողքին եմ»,- ընդգծեց Արթուր Սարգսյանը։
Արթուր Սարգսյանը հայտնեց նաև, որ ընդգրկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում։