Հասկանալով մեր հայրենակիցների տարակուսանքը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության լուսանկարների առնչությամբ և ըմբռնումով մոտենալով նման արձագանքին՝ միաժամանակ պարտավորված ենք զգում տեղեկացնել, որ միջոցառման բոլոր մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։
Մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը՝ անդրադառնալով երեկ հասարակության շրջանում խիստ քննադատության արժանացած լուսանկարին։
«Համամիտ ենք այն տեսակետին, որ պատվաստումը վիրուսից պաշտպանվելու, համավարակը հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու լավագույն ճանապարհն է»,- ասված է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ միջոցառումը տեղի է ունեցել նախագահականում։ Ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցների` տեղի է ունեցել ընդունելություն նախագահ Արմեն Սարգսյանի անունից։ Լուսանկարում առաջին պլանում միայն ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանն է դիմակով։ Դիմակների մասին մշտապես հիշեցնող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմակ չի կրում։