Որևէ հստակ պատասխան չկա, թե ինչ սահմանի մասին է խոսքը, ինչպես է գծվում սահմանը, ինչ հիմքով, ինչի հիման վրա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե փակ նիստի ժամանակ անդրադարձ եղե՞լ է Կապան-Ճակատեն ճանապարհին, որն ադրբեջանական կողմի դիտարկման ներքո է։
Նշենք, որ ԱԺ-ում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով փակ նիստը։
«Իրենք մտադրություն ունեն 90 րոպե ջուր ծեծել, խոսել ամեն ինչի մասին ու այդպես խորհրդավոր դռների հետևում փակ նիստը համարել ավարտված։ Բայց հանրային հնչեղության որևէ հարց պատասխան չի ստանալու, ինչի համար դուրս եկա դահլիճից։ Ես դուրս եկա քննարկումից, որովհետև չեմ ցանկանում շարունակել լսել այս խեղկատակությունը։ Ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք»,-ասաց պատգամավորը։
Armenia Today-ի մյուս հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ է փակ նիստին հրավիրված ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացակայում քննարկումից, պատգամավորը պատասխանեց․ «Կառավարությունը նպատահարամար է գտել, որ այսօր պետք է ներկայանա ԳՇ պետի առաջին տեղակալը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը»։
Նա նշեց, որ ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզից 85 գլուխ անասուն են գողացել, և Հայաստանից որևէ մեկը պատասխանատվության հարց չի բարձրացրել նաև միջազգային ատյաններում։
Հիշեցնենք, որ փակ նիստը մեկնարկել է ժամը 14:30-ին: Փակ նիստին զեկուցման հնարավորություն ունեն ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։