«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկմանը։ Նա մի քանի եզրակացություն է արել հանդիպումից։
«Մենք այստեղ հրավիրել էինք քաղաքական գործիչների՝ գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են նաև քաղաքական, ռազմաքաղաքական, իրավական հենքերին։ Այս քննարկման ընթացքում մենք շատ հարցերի պատասխաններ չստացանք։ Չստացանք պատասխաններ, որոնք պետք է վերաբերեին պատերազմից հետո առկա իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակներում մեր պետությունում ռազմավարական վերանայման իրականացմանը։ Երկրորդ եզրակացությունն այն մասին է, ըստ որի՝ որևիցե մի հենք չի եղել, որ հայկական զորքերը՝ լինի ՊՆ, թե սահմանապահ ստորաբաժանումներ, հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է։ Խոսքը հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածների մասին է։ Եզրակացությունը մեկն է՝ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով»,- ասաց նա։
Օհանյանի մյուս եզրակացությամբ՝ ժամանակին կարևոր ռազմավարական կետեր, ճանապարհներ, բարձունքներ զբաղեցնելու որոշում չի ընդունվել։ Նա շեշտեց նաև ՊՆ-ի ու սահմանապահ զորքերի փոխգործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին։
«Իրականում ոչ մի հենք չունենալով, առանց որևիցե մի հրամանի, առանց որևէ իրավական հենքի` Ադրբեջանի պարտադրմամբ այսօր սահմանագծում է տեղի ունենում»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով նոյեմբերին սպասվելիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպմանն ու նոր հնարավոր փաստաթղթի ստորագրմանը՝ նա նշեց․ ««Հայաստան» դաշինքի խնդիրը դիմադրության շարժում ստեղծելն է, որ անցած տարվա նման նոյեմբերի 9-ի նման հայտարարություն չլինի»։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկումը: Փակ նիստը մեկնարկել է ժամը 14:30-ին: Փակ նիստին զեկուցման հնարավորություն ունեին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը: Փակ քննարկման նախաձեռնությունն ընդդիմադիր պատգամավորներինն էր։