«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններն «ազատ» է թողել: Այսինքն՝ որեւէ համայնքում եթե ինչ-որ մեկը ցանկանում է ՀՀԿ-ով առաջադրվել, կուսակցությունը տալիս է հավանություն, մոբիլիզացնում է կուսակիցներին, ամեն ինչով աջակցում է, «սակայն կուսակցությունն առաջադրվելու նախաձեռնողականություն չի ցուցաբերում»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը: Եվ ստացվել է այնպես, որ երբեմնի կարկառուն ՀՀԿ-ականները, որոնք ուզում են համայնքապետ կամ ավագանի դառնալ, բանակցում են այլ կուսակցությունների, ոմանք` անգամ «Քաղպայմանագրի» հետ: Արդյունքում ՏԻՄ ընտրությունների ՔՊ-ական ցուցակների հիմնական մասը կազմում են երբեմնի ընտրատասովշչիկները»:
«Ժողովուրդը» գրում է․ «Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը Հայաստանում քաղաքական կուրս փոխվելու հետ էր կապում։ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո հոկտեմբերի 27-ի տուժողների իրավահաջորդներն իսկապես լիահույս էին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կլծվի ողբերգական ոճրագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործին։ Իրականությունը, սակայն, այն է, որ իշխանափոխությունից ավելի քան երեք տարի անց իրավապահ համակարգի ներկայացուցիչները ութ մարդու կյանք խլած ոճրագործության մասով ոչ միայն նոր բան չեն բացահայտել ու ներկայացրել, այլեւ գործը նոր քննության ուղարկելուց օրեր անց Հայաստանը լքել է «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում է` արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանները պետք է զբաղվեին իրենց երկրի դերի ու ազդեցության տարածմամբ եւ պետք է ամեն ինչ անեին, որ արտաքին քաղաքական դաշտում Հայաստանի համար նպաստավոր իրավիճակ ձեւավորեին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստեին, բայց Հայաստանի դեսպանը մասնակցում է այլ պետության ազդեցության տարածմանն աշխարհում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները, ինչպես նաեւ դատական համակարգի ներկայացուցիչները որոշել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորին պահել կալանքի տակ: Նշենք, որ երկու օր առաջ Վերաքննիչ բողոք է ներկայացրել 2009-ից մինչեւ 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանի պաշտպանը, որ նրա կալանքը փոփոխվի, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը: Ի դեպ, Մուրադյանը չի ընդունում մեղադրանքը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Մասիսի շրջանում ՔՊ-ն թեկնածուի փնտրտուքի մեջ է։ Նախնական ընտրությունը կանգ է առել Մասիսում հայտնի Սայադի՝ Սայեն Հայրապետյանի վրա: Նա ԵԿՄ տարածքայինի ղեկավարն է, 2000-ականներին ՀՀԿ-ի համակիրն էր, իսկ 2012 եւ 2017 թթ․ աշխատել է ԲՀԿ-ի համար, 17-ին ԲՀԿ ռեյտինգային ցուցակում էր: Նրա թեկնածությունն առաջ է քաշել մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, սակայն կուսակցությունում դեմ էին, ասում են, որ Թեւոնյանի կարճատեւ հրաժարականն այս տարաձայնություններով էր պայմանավորված: ՔՊ-ում հակված չեն առաջադրելու Սայադին, որն անցնում է աղմկահարույց պատմություններով, բացի դա, մասիսցիներն ասում են` երկու բառ իրար չի կարողանում կապել»։