ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։
Նա ասել է, որ մտավախությունները հաստատվել են, մատակարարումները կարող են հանգեցնել բացասական հետևանքների և ապակայունացման, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ երկիրը Թուրքիայից հարվածային անօդաչու սարքեր է գնել՝ Ռուսաստանին «զսպելու» և տարածքը պաշտպանելու համար։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Բայրաքթար» ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիևի մերձակայքում անօդաչու թռչող սարքերի պահպանման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին:
«Սա չի նպաստում այս ներքին ուկրաինական խնդրի կարգավորմանը»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում կիրառել է թուրքական արտադրության «Բայրաքթար» գրոհային անօդաչու թռչող սարք՝ նշելով, որ անօդաչու թռչող սարքը հրթիռով ոչնչացրել է թշնամու հրետանին։