Մոսկվան ստուգում է Դոնբասում Ուկրաինայի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին տեղեկությունները:
«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է ուկրաինական զինված ուժերի կողմից Դոնբասում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին հաղորդագրություններին, ապա մենք այժմ վերստուգում ենք այս տեղեկությունը։ Վերջին հայտարարություններից շատ դժվար է պարզել, թե որտեղ է ճշմարտությունը, որտեղ՝ հորինվածքը»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան ստուգում է այդ տեղեկատվությունը «բոլոր հնարավոր միջոցներով», այդ թվում՝ Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումներում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում կիրառել է թուրքական արտադրության «Բայրաքթար» հարձակողական անօդաչու թռչող սարք, որը հրթիռային հարվածով ոչնչացրել է թշնամու հրետանին:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ երկիրը Թուրքիայից հարվածային անօդաչու սարքեր է գնել՝ Ռուսաստանին «զսպելու» և նրա տարածքը պաշտպանելու համար։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Բայրաքթար» ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիևի մերձակայքում անօդաչու թռչող սարքերի պահպանման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին: