Եթե չեմ սխալվում, Ազգային անվտանգության սահմանապահ զորքերի հրամանատարը երեկ այս դահլիճում պատգամավորներին պարզաբանում է տվել և արձանագրել, որ որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի՝ Փայլասարի հանձնման թեման շահարկելու մասին հարցին։
«Սահմանապահ զորքերը Փայլասարի հատվածում շարունակում են ծառայություն իրականացնել այն դիրքերում, որտեղ սկսել են իրականացնել 2020-ի դեկտեմբերից»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ չգիտի, թե այլևս ինչի մասին կարելի է արձանագրում անել։
Նա պարզաբանեց, որ ծառայությունն առհասարակ այնտեղ սկսվել է 2020 թվականի դեկտեմբերից։ Այդուհետ որևէ դիրքային փոփոխություն չի եղել։ Վարչապետն ասաց, որ չի հասկանում, թե ինչ այլ արձանագրում կարելի է անել, եթե այդ մասին կա նաև ԱԱԾ-ի պարզաբանում։