ՀՀ-ում սուբվենցիոն ծրագրերը շատ կարևոր նշանակություն են ունեցել, որովհետև 2019 թվականից մինչև օրս չեք գտնի մեկ քաղաք կամ խոշորացված բնակավայր, որտեղ լայնածավալ աշխատանքներ չեն իրականացվում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ նախկինների հետ փոխկապակցված որոշ համայնքապետեր փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել։
«Հիմնանորոգվում են փողոցներ, որոնք 30-40 տարի են նորոգվել, նորոգվում են տանիքներ, որոնք 25 տարի չեն հիմնանորոգվել։ Վերակառուցվում են մանկապարտեզներ, որոնք 25 տարի չեն նորոգվել։ Սա եղել է կառավարության՝ համայնքների առջև դրած պահանջներից մեկը, որ մենք պետք է լայնածավալ աշխատանքներ իրականացնենք»,- մանրամասնեց վարչապետը և տեղեկացրեց, որ 2018-2020 թվականների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի վրա ծասխվել է 47, 5 մլրդ դրամ գումար։
Վարչապետի խոսքով՝ 2 տարվա ընթացքում ՀՀ համայնքները երբեք այսպիսի ներդրումներ չեն ստացել։ Փաշինյանը նշեց, որ այն շինաշխատանքները, որոնք քաղաքացիները տեսնում են իրենց համայնքներում, հենց սուբվենցիոն ծրագրերի արդյունքն է։
Փաշինյանը նաև արձանագրեց, որ կառավարությունը որևէ համայնքապետի չէր էլ թույլ տա, որպեսզի վերջինս ոչինչ չանի, հետևել են աշխատանքներին։
«Մենք չենք թողել, որ տարածքները վարձով տան, այդ գումարները բյուջե չմուտքագրեն, տասնյակ քրեական գործեր են հարուցվել, շատերն ասում են՝ «ո՞ւր է, չդատվեցին». մարդկանց նստեցնելը մեր միակ նպատակը չէ, բայց քրեական գործերով պրակտիկա է փոխվել, որ 10 դրամով հողը տան իրենց եղբորը, հետո իրենց եղբայրը 100 հազար դրամով այդ նույն հողը վարձակալության տա ինչ-որ կազմակերպության: Մենք ասել ենք՝ ոչ, այդ գումարները բերեք բյուջե, պիտի կառուցվեն մանկապարտեզներ, դպրոցներ։ Այդ փողոցները 40 տարի չեն նորոգվել, այդ ի՞նչ եղավ, որ սկսեցին նորոգել»,- եզրափակեց նա: