Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի առթիվ ԱԱԾ և ՊԵԿ քննչական մարմինները քննել են 13 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը:
2021թ. առաջին 9 ամիսների տվյալներով քննվող նման գործերի քանակը կազմել է 12, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 24 անձ, այդ թվում ինչպես ՀՀ, այնպես էլ ԻԻՀ քաղաքացի:
Եթե 2017-ից 2020թթ. ընկած ժամանակահատվածում միայն ՀՀ մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է Իրանից-Հայաստան ապօրինի ներմուծված 157 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, ապա միայն 2021թ. մաքսակետում հայտնաբերվել է 451 կգ թմրամիջոց:
Ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում արձանագրվել է Իրանից թմրամիջոց ներմուծելու, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես տարանցիկ օգտագործելու երկու դեպք, որոնցից մեկով Հայաստանի տարածք է տեղափոխվել և բացահայտվել 351 կիլոգրամ, իսկ մյուսի դեպքում՝ 366 կիլոգրամ Հերոին տեսակի թմրամիջոց։
Նախընթաց տարիներին ակտիվ պայքար է մղվել նաև Արցախի տարածքը որպես Իրանից Հայաստան թմրամիջոցների ապօրինի ներմուծման և փոխադրման ճանապարհ օգտագործելու դեմ:
Նշված 7 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով 10 անձ դատապարտվել է ազատազրկման:
Հաշվի առնելով, որ թմրամիջոցների մաքսանենգությունը, ապօրինի շրջանառությունը համարվում են բարձր լատենտայնություն ունեցող հանցագործություններ՝ վերոնշյալ ցուցանիշներն ակնհայտորեն փաստում են, որ ԻԻՀ-ից ՀՀ ինչպես միջպետական սահմանով, այնպես էլ մինչև 2020թ. արցախյան պատերազմը Արցախի տարածքով մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման և շրջանառության դեմ պայքարը, նաև Իրանի իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, տարեցտարի դարձել է առավել հետևողական և արդյունավետ:
Վերոնշյալ փաստերը վկայում են, որ թմրամիջոցների ապօրինի տարանցման և այդ նպատակով նաև Արցախի տարածքն օգտագործելու համար ՀՀ-ին և ԻԻՀ-ին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանք-հայտարարությունները (առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու), որոնք հնչել են հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ընթացքում, իրականության հետ որևէ աղերս չունեն, մտացածին են, զուրկ որևէ փաստական հիմքից, հետապնդում են ՀՀ-ին և ԻԻՀ-ին վարկաբեկելու անթաքույց, սակայն ի սկզբանե ձախողման դատապարտված նպատակներ, նաև ուղղված են հենց Ադրբեջանի՝ իբրև թմրամիջոցների տարանցիկ երկիր լինելու իրողությունը թաքցնելուն:
Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ անում է մի պարագայում, երբ ըստ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից հրապարակված զեկույցի՝ եթե Հայաստանն ընդգրկված է եղել 2015–2019թթ. կոնկրետ Հերոին տեսակի թմրամիջոցի ծագման և տարանցման ոչ հիմնական երկրների ցանկում, ապա Ադրբեջանը՝ հիմնական երկրների ցանկում: