ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոստացել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին, հանգամանորեն ներկայացնել անցած տարի պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների կարևոր մանրամասները։ Նա այս մասին գրառում է կատարել իր Facebook-ի էջում:
«Վստահ եմ՝ հանրությունը կանի անհրաժեշտ եզրահանգումները»,- գրել է Սաղաթելյանը։
Ավելի վաղ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր մյուս դաշինքի պատգամավորի հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեղվեց ու ակտիվ վիճաբանության բռնվեց «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ: Վեճի ժամանակ դաշինքի կողմից նրա հետ հանդիպման առաջարկ հնչեց՝ նստել-խոսելու: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի ժամանակ արձանագրեց, որ սա առաջին պաշտոնական հրավերն էր, մինչդեռ Փաշինյանը զգուշացրեց խոսակցության ձևաչափը փակ հանդիպման ժամանակ չփոխել:
Ավելի ուշ դաշինքը հերքեց որևէ հանդիպման մասնակցելու մասին պատրաստակամությունը՝ նշելով, որ կհանդիպեն միայն վարչապետի հրաժարականի հարցը քննարկելու: