Կրեմլին մոտ կանգնած ռուսական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հաղորդել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի առաջին դեմքերի եռակողմ հանդիպման մասին: Ըստ այդ լրատվամիջոցների՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը տեղի կունենա եռակողմ առաջին հայտարարության ստորագրման 1-ամյակին՝ նոյեմբերի 9-ին: Հանդիպման վայր նշվում է Ռուսաստանի Սոչի քաղաքը:
Այս մասին պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար Armenia Today-ի թղթակիցը կապ հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ:
«Եթե ծանոթ եք ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մեկնաբանությանը, ապա դրանից ավելի որևէ տեղեկություն այս պահի դրությամբ չկա»,- հստակեցրեց Հունանյանը:
Նույն խնդրով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հնչեցրեց, որ որևէ հանդիպում այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև նոյեմբերի 9-ին չի նախատեսվում։ Միրզոյանն ասաց, որ ԱԳՆ-ն արդեն հայտարարություն տարածել է այս և առնչվող հարցերի մասին, սակայն այժմ ավելին կասի. տարբեր ձևաչափերի հանդիպումների, բանակցությունների մասին առաջարկներ մշտապես են լինում։ Այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում, գուցե և, լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում։
Անդրադառնալով մամուլում հրապարակված երկու քննարկվող հարցերի՝ դեմարկացիայի հաստատման և երկուստեք տարածքային ամբողջականության ճանաչման մասին փաստաթղթի ստորագրմանը, Միրզոյանն ասաց, որ նման բովանդակության համաձայնագիր չի նախատեսված։
«Այդ հանդիպումները մեզ համար բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն, դրանք նախ և առաջ կարող են հնարավորություն ստեղծել հետպատերազմյան ողջ հումանիտար խնդիրների թնջուկը հարթելու։ Առաջին հերթին՝ ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց հնարավոր շուտափույթ ազատ արձակման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային ժառանգության հուշարձանների և բազմաթիվ այլ հարցերի լուծման խնդիրն է»,- ասել էր նախարարն ու շեշտել, որ ավելի լայն առումով սա հնարավորություն է՝ լիցքաթափելու լարվածությունը տարածաշրջանում և երկարատև խաղաղության հասնելու։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РИА Новости-ին հայտնել էր, որ եռակողմ հանդիպման մասին որոշում կայացնելուն պես Կրեմլը կհայտնի դրա մասին:
Հայաստանում Վատիկանի դեսպանության բացման արարողության ժամանակ էլ Armenia Today-ի թղթակիցը նույն հարցն ուղղել էր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, սակայն վերջինս նույնպես ձեռնպահ էր մնացել պատասխանից:
Արաքսյա Սնխչյան