ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստան ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցած տարի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները, ինչպես նաև ընդդիմության և մասնավորապես Դաշնակցության այդ օրերին ունեցած դիրքորոշումները և մոտեցումները:
Նա նշել է, որ վերջին շրջանում՝ հղում անելով այդ հանդիպումներին, իշխանության ներկայացուցիչները խեղաթյուրում են իրականությունը: Սաղաթելյանն անդրադարձել է հատկապես անցած տարվա հոկտեմբերի 19-ի հանդիպմանը, որին Փաշինյանն անդրադարձել է ԱԺ-կառավարություն վերջին հարց ու պատասխանի ժամանակ:
Նա նշել է, որ ՀՅԴ-ն պատերազմի ընթացքում երկու փակ հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ:
«Մեր գլխավոր նպատակն էր մեր խորհուրդներով ու մեր տեսակետներով ներկայացնել մեր դիրքորոշումը, նաև ռազմաճակատում մեր անելիքները համադրել իշխանության հետ: Հստակ ասել ենք՝ արդյո՞ք գնահատում ես, որ պատերազմը կարող է երկար տևել, ունե՞նք զենք զինամթերք երկարատև պատերազմի համար»,-ընդգծեց Սաղաթելյան՝ նշելով, որ կարևորել են նաև բոլոր նախկին զինվորականների ներգրավման անհրաժեշտությունը:
«Պատասխանել է, որ ինքը չի խառնվում բանակի գործերին, և բանակի այսօրվա ղեկավարությունն ինքն է որոշում կայացնում: Նա ստել է: հետագայում տեսանք փաստեր, թե ինչպես է միջամտել բանակի գործերին ու այդ մարդկանց չներգրավելու ուղիղ ցուցումներ տվել»,-ասաց նա:
Անդրադառնալով հոկեմբերի 12-ի հանդիպմանը՝ նա ընդգծեց, որ ընդհատել է Փաշինյանի զեկույցն ու նշել. «Ասացի՝ Հադրութն արդեն հանձնված է ու գտնվում է թշնամու վերահսկողության տակ, ինքն իր ոճին համապատասխան ասաց՝ որտեղի՞ց ձեզ այդ տեղեկությունը: Ձեր կուսակցականնե՞րն են ասել: Ասացի՝ կարևոր չէ: Հրավիրեց օգնականներից մեկին՝ ականջին բան ասաց, կես ժամ հետո մի փաստաթուղթ կարդաց՝ ասելով, որ այս պահին Հադրութում մարտեր են»:
Նա հայտնեց, որ Փաշինյանը մերժել է իրենց առաջարկը՝ կապված ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ստեղծելու հետ: Անդրադառնալով արդեն հոկտեմբերի 19-ի հանդիպմանը՝ նա նշեց.
«Փաշինյանն ասաց՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկ ունեմ. 5+2 շրջան հանձնելով՝ հնարավոր է պատերազմը կանգնեցնել: Ասաց՝ այլ ելք չկա: Ես ասացի՝ գոնե Արցախի կարգավիճակի հարց կա՞, ասաց՝ չէ: Հետո ներկա կուսակցությունները խոսք ասեցին: Ես էլ ասացի՝ դու, փաստորեն, 23-24 օր «հաղթելու ենք» ասելուց հետո, այսօր ասում ես՝ գնում ու կապիտուլյացիայի փաստաթուղթ ես ուզում ստորագրել»:
Մանրամասները՝ տեսնայութում.