Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում ոստիկանությունը կատարում է ուղեկցումներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Նրա խոսքով՝ իրականացվում են մի շարք գործառույթներ, նախ՝ անվտանգություն են ապահովում, ուղեկցումներ են իրականացնում։
Փոխոստիկանապետը նշեց, որ հիմա, պայմանավորված եղանակային պայմաններով, ավելանում է այդ ուղեկցումների անհրաժեշտությունը։
Ֆիդանյանը միևնույն ժամանակ նկատեց, որ ոստիկանության ծառայության թվաքանակի հետ կապված խնդիրներ կան։ Նա վստահեցրեց, որ մինչ օրս որևէ խնդիր չի արձանագրվել։
Փոխոստիկանապետն ասաց, որ ոստիկանական ուժերն ուղեկցումներ իրականացում են նաև Տաթև-Աղվանի ճանապարհին, որտեղ բեռնատարների կուտակումներ են լինում:
Անդրադառնալով Գորիս-Կպաան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին՝ Արա Ֆիդանյանն ընդգծեց, որ այդ հատվածում կանոնակարգում պետք է իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։
«Ցավոք, այո, նման տեղեկություն շրջանառվել է։ Այստեղ պետք է անդրադառնանք այն հանգամանքին, որ տվյալ հատվածում պետք է կանոնակարգումն իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այդ հատվածը, որը ոստիկանության գործառույթներից ու լիազորությունների շրջանակից դուրս է, պետք է կարգավորվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Ճանապարհի այն հատվածը, որը ՀՀ-ի տարածքում չի դիտարկվում, և եթե այդտեղ որոշակի դեպք է տեղի ունենում, պայմանավորվածություն կա, որ ճանապարհային պատահարների դեպքում ոստիկանությունն է զբաղվում այդ հատվածում: Այնտեղ մի շարք դեպքեր ունեցել ենք, և ոստիկանությունն իրականացրել է համապատասխան միջոցառումներ»,- եզրափակեց ոստիկանապետի տեղակալը։