ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկանում են ԱԺ կայքից։
Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի լիազորությունները և գործունեությունը՝ նշելով, որ արդեն իսկ մոտ 10 արդյունավետ հանդիպում է կազմակերպվել, որոնց ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արցախին, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը ՌԴ գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանն իր հերթին նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համապատասխան մարմինների միջև առկա է կառուցողական փոխգործակցություն:
Կողմերը կարևորել են հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ այդ հարթությունում ընդգծելով օրենսդիր մարմինների փոխգործակցության զգալի դերը: Խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման առումով անհրաժեշտ է համարվել Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի անցկացումը: Անդրադարձ է եղել խորհրդարանական տարբեր հարթակներում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ աշխատանքին:
Թագուհի Թովմասյանը խոսել է մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության սահմանափակման խնդիրների մասին: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում է Հայաստանում ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև ՌԴ-ում ապրող, այդ երկրի քաղաքացի հանդիսացող և չհանդիսացող հայերի՝ քաղաքացիության խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպել:
Պատգամավորը բարձրաձայնել է Ադրբեջանի գլխավոր դատախազի այն հայտարարության մասին, ըստ որի՝ այդ երկրում ՀՀ 320 քաղաքացու նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այդ խնդրի լուծման հարցում ակնկալում է ՌԴ աջակցությունը, որպեսզի հետախուզման մեջ գտնվող հայերը տեղեկացված լինեն իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի և դրանց հետևանքների մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների արդյունավետ համագործակցությանը, Ռուսաստանում հայ համայնքի ծանրակշիռ դերակատարությանը, ՀՀ-Ադրբեջան դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին, Արցախի կարգավիճակին: Այս առումով կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: