«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն հոսում ոչ միայն Երեւանում, այլեւ՝ մարզերում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կռիվ են գցել իշխանությունների «տանը», ամենուրեք իշխող «Քաղպայմանագրի» անդամները բաժանվել են հակամարտող թիմերի` չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ թեկնածուների հարցում:
Լարված իրավիճակ է Արարատի մարզում, որտեղ, կարելի է ասել, թշնամական հարաբերություններ են ձեւավորվել նախկին ու ներկա մարզպետների՝ Գարիկ Սարգսյանի ու Ռազմիկ Թեւոնյանի միջեւ: Նրանք մեկը մյուսից առաջ ընկնելով՝ իրար վրա «գործ են տալիս» իրավապահներին: Այդ գործերը, հավանաբար, կկոծկվեն ամենավերին մակարդակներով, քանի որ երկուսն էլ Փաշինյանի թիմակիցներն են, իսկ Փաշինյանը չի ցանկանա կորցնել նրանցից որեւէ մեկին՝ նոսրացնելով առանց այն էլ օր-օրի նոսրացող թիմակիցների շարքերը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Գյումրեցիներն այն համոզմանն են, որ «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցության հուշագիր ստորագրելով, գնացել ու «նախրի մեջ էշի ճակատն է պաչել»: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են՝ ՔՊ-ն շանտաժի միջոցով է հասել ցանկալի հուշագրին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում նաեւ քաղաքագետ Գագիկ Համբարյանը հաստատեց:
«Բալասանյան» դաշինքն այնքան ձայն էր ստացել, որ կարող էր «Զարթոնքի» հետ կոալիցիա կազմել ու ապահովել անհրաժեշտ 18 ձայնը: Եթե անգամ չէր ցանկանում «Զարթոնքի» հետ համագործակցել, ապա կարող էր Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր» կուսակցության հետ համագործակցել»:
«Իրավունք» թերթը գրում է.
«Իշխանությունները նոյեմբերի 14-ի ընտրություններին ընդառաջ ողջ վարչական ռեսուրսը կենտրոնացրել են Սյունիքում` մասնավորապես Կապանում: Այստեղ գործող քաղաքապետի հետ պայքարի մեջ է մտել հանրությանը քիչ հայտնի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը:
Եվ ահա, մարզում տարածված լուրերի համաձայն, ողջ քարոզարշավի պատասխանատվությունը դրված է հենց թեկնածուի վրա: Մարզպետն այնքան է թեւաթափ եղել, որ ոչ սիրտ, ոչ հավես ունի, իսկ իշխանությունների համար կապանյան ընտրությունները պատվի հարց են դարձել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի հանդեպ խորհրդարանում առկա վերաբերմունքը խոր արմատներ ունի: Բանն այն է, որ երբ օրեր առաջ Քոչունցը եկել էր խորհրդարան և մասնակցում էր փակ նիստի, իշխանական պատգամավորները նրան միայնակ էին թողել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ նա եկել է Ազգային Ժողով, նրան իշխանական խմբակցությունից ոչ ոք չի դիմավորել, չի ուղեկցել, և նրան, ըստ էության, միայնակ են թողել: Եվ, ահա, մեզ տեղեկություններ են հասել, թե ինչու է Կամո Քոչունցը նման վերաբերմունքի արժանացել: Բանն այն է, որ Կամո Քոչունցը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի տեղակալը և նաև այդ պատճառով է արժանացել իշխանությունների կողմից ոչ հաճո վերաբերմունքի: Բացի այդ, Զինված ուժերում և Ազգային ժողովում իշխանական պատգամավորները նրան համարում են նախկին իշխանությունների մաս և Մովսես Հակոբյանի ու Արշակ Կարապետյանի կադրը: