Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոյի նպատակն է երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում դարձնել էլ ավելի երկարաժամկետ, նա հուսով է, որ Մինսկի խումբը կօգնի ԼՂ խնդրի հարցում երկարաժամկետ կայունության հասնելու համար, Ֆրանսիան կարևորում է նաև հումանիտար միջոցների ձեռնարկումը և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը: Այս մասին դեսպանն ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։
Անդրադառնալով, մասնավորապես, Էմանուել Մակրոնի կողմից հայտարարությանը՝ կապված Հայաստանին պատվաստանյութերի նվիրատվության հետ, ու հարցին՝ ո՞ր տեսակի պատվաստանյութերի մասին է խոսքը, դրանք ե՞րբ կուղարկվեն Հայաստան, դեսպանը պատասխանել է․
«Խոսքը կամ «Մոդեռնա» կամ «Ֆայզեր» պատվաստանյութերի մասին է: Հենց մատակարարման ամսաթիվն իմանանք, դրա մասին, բնականաբար, կհայտնենք: Այդ շրջանակում 50 հազար այլ տեսակի պատվաստանյութ արդեն իսկ Ֆրանսիայից ուղարկվել է Հայաստան: Եվ արդեն երկրորդ առաքումը պատրաստման ընթացքի մեջ է: Դեռ հայտնի չէ, թե քանի դեղաչափ կլինի, բայց խոսքը բավականին մեծ քանակի մասին է»։
2020-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Լեռնային Ղարաբաղի պատերազմից արդեն մեկ տարի է անցել, սակայն Ադրբեջանը, չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը, հրաժարվում է ամբողջությամբ վերադարձնել հայ ռազմագերիներին և գերեվարված այլ անձանց: Անդրադառնալով նշված դիտարկմանը՝ նա նշել է․
«Իհարկե, ծանոթ եմ այս ցավոտ իրավիճակին: Եվ բնականաբար, Ֆրանսիան այն երկրների թվում է, որոնք ցանկանում են հումանիտար միջոցների ձեռնարկում, իրավիճակի լարվածության նվազեցում և դեռ պահվող անձանց ազատ արձակում: Այս թեմային հետևում եմ ոչ թե ես կամ իմ գործընկերները՝ Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանում, այլ կա առանձին դեսպան, որը Մինսկի խմբում Ֆրանսիայի կողմից համանախագահն է, ով հետևում և զբաղվում է այս թեմայով: Ուրախ ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել են Մինսկի խմբի դերի կարևորությունն այս իրավիճակի կարգավորման հարցում: Նաև ուրախ ենք, որ տեղի ունեցավ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Եվ Մինսկի խումբն աշխատում է կողմերի հետ, որպեսզի այլ նոր քայլեր արվեն՝ երկխոսության այդ գործընթացում: Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան՝ բնականաբար հույս ունեմ, որ Մինսկի խումբը կօգնի կողմերին, որպեսզի նրանք առաջընթաց գրանցեն՝ իրավիճակի տևական կայունացման ուղղությամբ»։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան կարծում է, որ կարևոր է հասնել սահմանի հստակ սահմանագծմանն ու սահմանազատմանը․ «Եվ մենք, ինչպես նաև միջազգային հանրությունը կոչ ենք անում, որ այս գործընթացները տեղի ունենան խաղաղ ճանապարհով: Ակնհայտ է, որ խաղաղ համատեքստի հաստատումը թույլ կտա սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների ավելի արագ իրականացում: Եվ բնականաբար, սա է իմ ցանկությունն այս հարցի շուրջ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։