Ռուսաստանի ԱԳՆ-ն հաջորդ շաբաթ հանդես կգա ծավալուն մեկնաբանությամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ:
Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունում ամրագրված բոլոր ուղղություններով աշխատանքը շարունակվում է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման թեման նոյեմբերի 1-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ: Նախարարները համակարծիք էին, որ անցած տարվա ընթացքում տարածաշրջանում իրավիճակը կայունացել է, հրադադարի ռեժիմը, ընդհանուր առմամբ, պահպանվում է, Բաքվում և Երևանում բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը, իսկ առանձին միջադեպերը կարգավորվում են փոխգործակցության ուղիներով:
Զախարովան նաև հաղորդել է, որ ջանքեր են գործադրվում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային խմբի 28-րդ նիստը՝ երեք պետությունների փոխվարչապետների նախագահությամբ, շարունակվում են շփումները արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների, սահմանապահ զորքերի մակարդակով։
«Մենք տեսնում ենք խնդրի համալիր լուծում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ գործարկման ճանապարհով՝ դրա հետագա սահմանազատման միջոցով։ Ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- ասել Է Զախարովան՝ հավելելով, որ տեղեկություններ չունի եռակողմ հայտարարության տարեդարձի կապակցությամբ նոր փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին։
Խոսելով «3+3» ձևաչափի մասին՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան աջակցում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի և նրանց հարևանների՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի ստեղծման գաղափարին
«Ժամանակն է, որ այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխվեն։ Բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը բխում է տվյալ ձեւաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից, դրա գործարկումը կնպաստեր միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը և առկա հակասությունների կարգավորմանը, տնտեսական, տրանսպորտային ներուժի բացահայտմանը»,- նշել Է Մարիա Զախարովան: