Երևանը դրական ազդակներ է տալիս սահմանազատման հարցը լուծելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան՝ հավելելով, որ Բաքուն գործընթացի կառուցողական զարգացման հույս ունի, փոխանցում է «РИА Новости»-ն:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի ծառայության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը հայտնել էր, որ ռուսական կողմը հայ-ադրբեջանական սահմանի խնդրի լուծման առաջարկներ է ներկայացրել Երևանի և Բաքվի քննարկմանը:
«Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանն աջակցում է բոլոր երկրների հետ հարաբերությունների հաստատմանը միմյանց միջազգային սահմանները հարգելու հիման վրա, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է։ Հայտնի է, որ մենք, մասնավորապես, հայտարարել ենք միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքի հիման վրա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու մեր պատրաստակամության մասին։
Ադրբեջանի և Հայաստանի սահմանների դեմարկացիայի գործընթացը երկկողմանի խնդիր է, և հակառակ կողմից վերջին դրական ազդակները հույս են ներշնչում այս գործընթացի կառուցողական զարգացման համար»,- լրագրողներին ասել է Աբդուլաևան:
Մինչդեռ Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանն այսօր ճեպազրույցում ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի կոնկրետ քարտեզների ու փաստաթղթերի մասին դեռ վաղ է խոսել։ «Այդ հարցերը կսկսեն քննարկվել բանակցությունների մեկնարկի պահից»,- ընդգծել է Հայաստանի փոխարտգործնախարարը։