Մեծ պոտենցիալ` հայ-ռուսական գիտական համագործակցության ոլորտում. վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևին: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետը ողջունել է պարոն Սերգեևին և կարևորել Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտության ոլորտում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այցի ընթացքում կքննարկվեն համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման հնարավորությունները` արդյունավետ փոխգործակցություն ապահովելով երկու երկրների գիտական հանրույթների համար:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ գիտության ու կրթության ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում է. 2022 թվականի համար գիտության ոլորտին ուղղվող ֆինասնական միջոցներն ավելացվելու են 85 տոկոսով, ինչն այս ոլորտում կառավարության տեսլականի ապահովմանն ուղղված կարևոր ցուցանիշ է։