«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 966 հազար 800 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 967 հազար 900 էր: Այսինքն` 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 1100-ով է պակասել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ 2-րդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին, ժամը 18։00-ին հանրահավաք է անելու Ազատության հրապարակում։ Ակնկալիքները տարբեր են։ Մի մասը կարծում է, որ այն դառնալու է իշխանափոխության սկիզբը։ Մյուսները հասկանում են, որ մեկ հանրահավաքով իշխանափոխություն չի լինի: Մի երրորդ խումբ էլ կարծում է, թե սա Ռոբերտ Քոչարյանի կարապի երգն է․ եթե չստացվի, պարզ կդառնա, որ նա այլեւս չունի այնքան աջակցություն, որքան ուներ ամռանը, եւ պետք է հեռանա ասպարեզից: Ընդդիմադիրները գիտակցում են, որ ընտրությունները չեն լուծել քաղաքական ճգնաժամը, եւ փողոց վերադառնալու պահանջ կա։ Սակայն ո՞ւմ դեմքով եւ ի՞նչ ծրագրով»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, ՔՊ-ում բավականին ծանր են տանում ոչ միայն այն հանգամանքը, որ հոկտեմբերի 17-ին մի քանի համայնքներում պարտվել են, իսկ դեկտեմբերի 5-ի ընտրություններին համայնքների մեծամասնությունում հաղթելու շանս չունեն, այլև այն, որ փլուզվում է իրենց «հանճարեղ» մտահղացումը: Բանն այն է, որ, ինչպես արդեն նշել ենք, իշխանությունները ձգտում են ընտրություններին մասնակցել «ցանցային» սկզբունքով, այսինքն, այն տեղերում, ուր իրենք չկան կամ ունեն թույլ թեկնածուներ, առաջ են մղում իշխանամերձ ուժերի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ կառավարությունում ձևավորված հանձնաժողովը, որը զբաղվում է համավարակի ու պատվաստումների հարցերով, օրերս սկսել է բանակցություններ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի հետ։ Մեխանիզմներ են մշակում, որպեսզի հետագայում կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների համար գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները թանկացնեն, ընդ որում՝ խոսքը գնում է մինչև 100% թանկացման մասին։ Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, շուտով ստիպված կլինեն գազի ու էլեկտրաէներգիայի համար վճարել կրկնակի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Փարաքար համայնքի մի քանի բնակիչներ դիմել են «Փաստին»՝ բողոքելով, որ Փարաքար համայնքի գերեզմանատանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, արհեստական թումբ է սարքել, գլխաքար դրել՝ իբր այդտեղ մարդ կա թաղված: Նրանց խոսքերով, սակայն, նա ուղղակի զավթել է այդ տարածքը՝ որպես գերեզմանոցի տեղ: «Օրերս մարդ էր մահացել, նրան պետք է տեղ հատկացվեր, և հենց այդ ժամանակ էլ բացահայտվել է, որ նման բան է տեղի ունեցել: Մարդիկ հետաքրքրվել են, թե ով է այդտեղ հուղարկավորված, գերեզմանատան պահակն էլ ասել է, թե ոչ ոք, Արշակն է սա արհեստական ձևի սարքել: Տղաները գիշերով գնացել են համոզվելու, որ իրոք այդպես է»: