ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի համար անընդունելի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է որոշում, թե ովքեր կարող են ներգրավված լինել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում։
Օրեր առաջ Փաշինյանը հանդիպել էր մի քանի արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ և նշել, որ կոնկրետ որոշում կա՝ այս ֆորմատի երեք ներկայացուցիչներ պետք է ներգրավված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում։
Գեղամ Նազարյանն Armenia Today-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել արժեզրկել բոլոր պետական կառույցներն ու ինստիտուտները, այդ թվում՝ Ազգային ժողովը։
«Մի՞թե իր պաշտոնը թույլ է տալիս, որ որոշի, թե ով կարող է լինել հանձնաժողովում, ով՝ ոչ։ Կա Սահմանադրություն, որը հստակ սահմանում է, թե հանձնաժողովում ովքեր կարող են լինել։ Այնպես որ, կոչ եմ անում վերջ տալ դատարկ խոսակցություններին։ Եթե, օգտվելով խորհրդարանում իրենց մեծամասնությունից, փորձեն քայլեր ձեռնարկել, ապա կդիմենք ՍԴ»,- հավելեց պատգամավորը։
Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը գտնում է, որ իշխանությունը փորձում է ամեն ինչ անել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնաասիրող քննիչ հանձնաժողովն իր առաքելությամբ չզբաղվի։
Նրա խոսքով՝ քննիչ հանձնաժողովում չպետք է ներկայացված լինեն իշխող ուժի ներկայացուցիչները, քանի որ հենց նրանց պետք է հարցեր ուղղել, թե ինչու պատերազմն ավելի վաղ չի կանգնեցվել, ինչպես է Շուշին հանձնվել։
«Հանձնաժողովը պետք է ընդդիմությունը ղեկավարի։ Աբսուրդ է, որ վարչախումբը ներգրավվում է քննիչ հանձնաժողովում։ Ցանկանում են հանձնաժողով խցկել լոյալ, խամաճիկ ուժերի»,- նշեց նա։
Անդրադառնալով ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ ընդգրկվելու հարցին, Գեղամ Նազարյանն արձագանքեց, որ անեկդոտների հերոսին չպետք է որպես փորձագետ ներառել։
Նրա դիտարկմամբ՝ Արծրուն Հովհաննիսյանին ներառելով հանձնաժողովի աշխատանքներում՝ փորձում են այն արժեզրկել։
Գեղամ Նազարյանը նաև Արծրուն Հովհաննիսյանի մասին շրջանառվող անեկդոտներից մեկը պատմեց։
Մանրամասները՝ տեսանյութում։