Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում անհրաժեշտ կլինի միշտ: Այս մասին ռուսաստանյան «Аргументы и Факты» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ըստ նրա՝ ռուսական բանակը տասնամյակներով, հարյուրամյակներով գտնվում է այս տարածաշրջանում: Նրա ներկայությունը չափազանց կարևոր է: Այն, ինչ անում են խաղաղապահները, մեծ նշանակություն ունի թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ Ղարաբաղի կարգավիճակի, տարածաշրջանի ապագայի, վաղը պատերազմը բացառելու շուրջ հնարավոր բանակցությունների տեսանկյունից:
«Երևի ես պետք է օգտվեմ հնարավորությունից և Ձեր միջոցով շնորհակալություն հայտնեմ. նրանք, ի վերջո, զինվորներ են: Նրանք կարող էին հանգիստ ծառայել Ռուսաստանի տարածքում, առանց գլխացավի, քանի որ ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղը մեզ մոտ ոչինչ տեղի չի ունենա: Սակայն Վլադիմիր Վլադիմիրովիչը և ձեր երկրի ղեկավարությունը դժվար որոշում են ընդունել, ես նրանց ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դրա համար»,- ասել է նախագահ Սարգսյանը: