Հայաստանի գործող Սահմանադրությունը շատ թերություններ ունի, և ինքս դրա փոփոխության կողմնակից եմ: Փոփոխությունները պետք են հավասարակշռության համար, հակառակ դեպքում ապագայում այս ամենը կարող է հանգեցնել ծանր հետևանքների: Այս մասին ռուսաստանյան «Аргументы и Факты» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հասարակ քաղաքացիները չեն հասկանում, թե ինչ է խորհրդարանական հանրապետությունը: Եկեք դուրս գանք փողոց և ցանկացած պատահած մարդու հարցնենք, թե ինչու նախագահը չի կարողանում լավ մարդու նշանակել նախարար կամ ինչ-որ մեկին ազատել աշխատանքից: Հասարակ քաղաքացին ձեզ չի պատասխանի»,- ասել է նախագահը:
«Նախարար դառնալու համար պետք է 4 տարի ապրես Հայաստանում, լինես միայն Հայաստանի քաղաքացի: Նախագահ դառնալու համար 10 տարի է հարկավոր: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու: Այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: Հայաստանին անհրաժեշտ են մարդիկ, որոնք գիտեն աշխարհը, համաշխարհային միտումները, տիրապետում են ինֆորմացիայի, պրոֆեսիոնալ են»,-շեշտել է Սարգսյանը՝ համարելով, որ պետք է բացել ճանապարհները, կոտրել Հայաստանում և սփյուռքում ապրող հայերի միջև եղած բեռլինյան պատերը։
Նախագահը կարծում է՝ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա աշխարհի բոլոր երկրների հետ: Ցանկալի կլիներ, որ լուծվեին Ադրբեջանի հետ խնդիրները, չնայած դա դժվար է: Ըստ նրա՝ վատ չէր լինի լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, ինչն ավելի բարդ է: