Հայոց ցեղասպանության մասին բանաձևի առաջին ընթերցումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում։ Օրինագիծը ներկայացնելու է պահպանողական պատգամավոր Թիմ Լոութոնը՝ նպատակ ունենալով պաշտոնապես ճանաչել և հավերժացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։
Աղբյուրը նշում է, որ օրինագիծը պարունակում է երեք հիմնական դրույթ. նախ սա 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի կոտորածի պաշտոնական որակումն է որպես ցեղասպանություն։
Երկրորդ՝ փաստաթուղթը պարունակում է առաջարկ՝ ամեն տարի ոգեկոչել ցեղասպանությունների զոհերին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության զոհերին, և երրորդ՝ նպաստել Հայոց ցեղասպանության մասին կրթությանն ու իրազեկմանը։
Մեծ Բրիտանիայի ՀԱԿ-ի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն այս երկրի համար կարևոր է մի քանի պատճառով. նախ՝ օրինագծի ընդունումը կվերահաստատի Լոնդոնի հավատարմությունը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիային։
Երկրորդ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Միացյալ Թագավորությունը կամրապնդի իր հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը, քանի որ այս մասշտաբի հանցագործությունը չճանաչված թողնելը վտանգավոր ազդանշան է անպատժելիության համար:
Երրորդ՝ Միացյալ Թագավորության՝ որպես գլոբալ խաղացողի դերն ու պատասխանատվությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առաջ մղել ցեղասպանության ուսումնասիրությունը և բարձրացնել մարդկության դեմ հանցագործությունների մասին հանրային իրազեկվածությունը: Միացյալ Թագավորությունն արևմտյան այն քիչ երկրներից է, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը վկայում է արդարության հիմնարար հասկացությունների ամբողջական մերժման մասին։