«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնից ահազանգեր ենք ստանում, որ նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուների համար «վիզ դրած» աշխատում է։ Հատկապես ջանք ու եռանդ չի խնայում Սափեյանների գերդաստանի ներկայացուցիչ, Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի համար։ Սափեյանները կռված են, ինչպես Պետրոսյանը, եւ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի համար համատեղ պայքար են մղել»։
«Իրավունք» թերթը գրում է. «2018թվականի «թավշյա տեռորից» հետո Նիկոլ Փաշինյանի սրտի ոստիկանապետ դարձած Վալերի Օսիպյանը շարունակում է թակել «Հայաստան» դաշինքի դուռը: Երեկ նա կրկին հայտնվել էր Ազատության հրապարակում ոչ միայն բժշկական, այլեւ ընդդիմադիր դիմակ հագած: Վաղեմի հպարտ նիկոլականը հարցնողներին մտահոգ դեմքի արտահայտությամբ ասում էր, թե եկել է սատարելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարի առաջ ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն, նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։ Խաղաղապահներն Արցախ մուտք գործելու մեկամյակի կապակցությամբ որոշել են մեծ միջոցառում կազմակերպել, ՌԴ ՊՆ-ն մոտ 200 մեդալ է թողարկել, որոնք իր հետ կբերի ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը եւ կհանձնի «աչքի ընկած խաղաղապահներին»։ Նա այսօր կժամանի Հայաստան, իսկ վաղն առավոտյան կուղեւորվի Արցախ, որտեղ նոյեմբերի 10-ին տեղի կունենա մեդալների հանձնման արարողությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարությունից մեկ տարի է անցել: 44 օր «հաղթելու ենք» կարգախոսով ապրող հանրությունը ցավոտ իրականության մասին տեղեկացավ անակնկալ կերպով: Մոտ 30 տարի հայկական զինված ուժերի վերահսկողության տակ անցած 7 շրջաններից զատ, Ադրբեջանին անցան նաեւ ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութն ու Շուշին, Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, ու Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ցամաքային կապ ապահովել Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԱՏՄ հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերի նախարար Գեղամ Վարդանյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կառավարությունը գործուղել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին: Մեր տեղեկություններով, Վարդանյանը, իրոք, վաղուց էր ուզում թողնել այդ պաշտոնը, որը զբաղեցնում էր 2019-ից: Վարդանյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, եղել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար, ավելի վաղ՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար: Նրա մասին գործընկերներն ասում են՝ թույլ տղա է: Հավանաբար, կառավարությունում գտել են, որ Վարոս Սիմոնյանը, որն արտակարգ դրության ժամանակ իր վրա էր վերցրել ասուլիսների ծանր բեռը, բավականաչափ երեւացել է եւ այժմ կարող է նվազ աչքի ընկնող պաշտոն զբաղեցնել»: