Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կարծում է, որ Զանգեզուրի միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի և Հայաստանի տարածքով, վտանգ չի ներկայացնում որևէ երկրի համար։ Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային զարգացման լավագույն ներդրումը կլինի հենց տարածաշրջանի երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև սերտ փոխգործակցությունը:
Աքարը նշել է, որ Երևանը պետք է օգտագործի պատմական շանսը և արձագանքի Բաքվից հնչող խաղաղության կոչերին։
«Երկու ժողովուրդները պետք է երկխոսություն վարեն այս հարցի շուրջ։ Պետք է աջակցել այս գործընթացին, ոչ թե կանխել այն։ Համագործակցությունը կբերի բարեկեցության աճի, և այդ գործընթացը չի սահմանափակվի միայն Ադրբեջանով։ Տարածաշրջանի բոլոր երկրները կզգան դրա դրական ազդեցությունը»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նոյեմբերի 5-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակներում ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն այդ ճանապարհները։