Նոյեմբերի 9-ին Փարիզում մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի բացման նիստին կայացան համաժողովի նախագահի և տարածաշրջանային խմբերը ներկայացնող փոխնախագահների ընտրությունները։ Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբից համաժողովի փոխնախագահ ընտրվեց Հայաստանը։
Գլխավոր համաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն ղեկավար մարմինն է՝ բաղկացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներից։ Այն հավաքվում է երկու տարին մեկ անգամ և որոշում կազմակերպության քաղաքականությունն ու աշխատանքի հիմնական ուղղությունները:
Վերջինիս պարտականությունն է սահմանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերն ու բյուջեն։ Այն նաև ընտրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամներին և չորս տարին մեկ նշանակում կազմակերպության գլխավոր տնօրենին: