«Ժողովուրդ»-ը գրում է․ Շուտով «Հայփոստ-ի ծառայություններից կկարողանան օգտվել միայն պատվաստված քաղաքացիները։ Բացի այդ, «Հայփոստ»-ի ծառայություններից օգտվում են նաեւ սոցիալական նպաստ ստացողները, որոնց մեծ մասը գրանցված աշխատող չէ, եւ վերջիններս կորոնավիրուսի համար հանդիսանում են թիրախային խումբ, շատ ժամանակ կորոնավիրուսով վարակվելու դեպքում արդյունքը լինում է անդառնալի։ Ստացվում է, որ չպատվաստված քաղաքացիները շուտով չեն կարողանա նաեւ թոշակ ու նպաստ ստանալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 16-ին հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով: Պատգամավորները համապատասխան թվով ստորագրություն են ներկայացրել ԱԺ ղեկավարությանը եւ պահանջում են, որ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում կազմակերպվի հրատապ քննարկումը: Խորհրդարան են հրավիրում Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, արտգործնախարարին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախաքննական մարմիններում, մասնավորապես՝ ՀՔԾ-ում, Զինվորական քննչական վարչությունում մի շարք նախկին պաշտոնյաների վերաբերյալ հարուցված քրեական գործեր կան: Մասնավորապես, այնտեղ է քննվում ՀՀ զինված ուժերի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այդ գործով քննչական գործողություններ չեն կատարվում: Այսինքն՝ Մովսես Հակոբյանին կանչել են հարցաքննության, ու գործը դոփում է տեղում: Քննչական կոմիտեում է քննվում, օրինակ, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթեցման մասով հարուցված քրեական գործը, որից մեկ տարի է անցել, եւ գործը մնում է տեղում: Այս գործով էլ միայն Ջալալ Հարությունյանին են հարցաքննել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն օրերս հայտարարեց․ «ՀՀ օրենսդրության պահանջների խախտման եւ այլ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագրի ստորագրման, նյութերի վերաբերյալ Ազատական կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ կուսակցությունը Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել եւ որեւէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել»։ Ակնհայտ է, որ Մեղրիում «Հանրապետության» թեկնածու Բագրատ Զաքարյանի եւ Ազատականի ավագանու համագործակցությունը Բաբայանի հետ համաձայնեցված չէ, իսկ հուշագրով 2 կուսակցության ավագանիները որոշել էին կիսել 5 տարվա պաշտոնավարումը․ 2,5 տարի՝ մեկը, 2,5` մյուսը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ հանգամանքը ընդդիմադիր խմբակցության ներսում բավականին բուռն կրքեր է հարուցել։ Պատգամավորները զարմացել, ապա նախատել են Գեւորգյանին, թե ինչպես է համարձակվել բացակայել մի հանրահավաքից, որին անձամբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է մասնակցել: Մեր տեղեկություններով՝ հայաստանականները միմյանց միջեւ քչփչացել են, թե նրա՝ հանրահավաքին ներկա չլինելը նախեւառաջ վերաբերմունք է. ի՞նչ ավելի կարեւոր գործ կարող էր լինել, քան դեռ ամիսներ առաջ նախատեսված հանրահավաքը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ստեփանակերտում հրաժեշտ տվեցին ՀՀ երրորդ նախագահի մորը՝ Նորա Սարգսյանին։ Նախորդ օրը տեղի էր ունեցել նախագահի 92-ամյա մոր հոգեհանգստի արարողությունը։ Իսկ նույն օրը Երեւանում ընթանում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էին նաեւ Սերժ Սարգսյանի թիմակիցները՝ Վահրամ Բաղդասարյանը, Տարոն Մարգարյանը, Հայկ Մամիջանյանը, Ռուբեն Թադեւոսյանը եւ այլք։ Նրանք մեզ ասացին, որ իրենց թիմակիցներից ոմանք արդեն մեկնել են Ստեփանակերտ՝ մասնակցելու նախագահի մոր հոգեհանգստի արարողությանը, իսկ իրենք էլ հանրահավաքից հետո՝ գիշերը, ուշ ժամի են մեկնելու, որ նոյեմբերի 9-ի առավոտյան հասնեն հուղարկավորությանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, առաջիկայում բարձրանա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքով՝ առաջիկա ամիսներին սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, 20-30 դրամով թանկանա:
Ի դեպ, որոշ գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը վաճառվում է 310, իսկ որոշներում՝ 320-330 դրամով: Մեզ հայտնի դարձավ, որ բենզինի գնի բարձրացումը գազալցակայանների ղեկավարներին ստիպել է մտածել գազի գինը բարձրացնելու մասին»: