Միայն դելիմիտացիայից ու դեմարկացիայից հետո պարզ կդառնա, թե Հայաստանը որտեղ է շահում, որտեղ՝ կորցնում։ Այս մասին պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Կախված նրանից, թե դեմարկացիայի, դելիմիտացիայի ժամանակ որ քարտեզները հիմք կընդունվեն, դրանից մենք հետագայում կտեսնենք՝ որոշումները ցավո՞տ են, ցավո՞տ չեն, շահեցի՞նք ինչ-որ հատվածներում, տուժեցի՞նք, թե՞ չէ»,- շեշտեց նա և հավելեց, որ 1920-ական թվականների քարտեզներով Գեղարքունիքի մարզի Ալ լճերը ՀՀ-ին են պատկանում։
Նախարարի կարծիքով՝ տուժողը միայն Հայաստանը չի կարող լինել։
«Փաստն այն է, որ մեր սահմանները հստակեցնել է պետք, խաղաղ, միասին ապրել է պետք, և այդ սահմանների հստակեցումը, կարծում եմ, կարևոր է նաև սահմանային միջադեպերը հնարավորինս բացառելու համար»,- տեսակետ հայտնեց Գնել Սանոսյանը։