«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ռուսական իշխանական որոշ շրջանակներ խիստ բացասաբար են տրամադրված Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի նկատմամբ եւ կարծում են, որ նա պետք է հեռանա պաշտոնից: Մինչդեռ իրավական ճանապարհով դա գրեթե անհնարին է, քանի որ ռեկտոր ընտրող հոգաբարձուների խորհուրդը Դարբինյանի կողմն է: Մեզ պատմեցին, որ վերջին շրջանում ՌԴ այցելած ՀՀ պաշտոնական պատվիրակություններից մեկի հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղիղ տեքստով ասել է` ինչո՞ւ չեք Արմեն Դարբինյանին հեռացնում այդ պաշտոնից` Ռուսաստանից փող է ստանում, բայց բուհը վերածել է սորոսականների որջի, շրջանավարտներին էլ Եվրոպա է ուղարկում: Նա ամոթանք է տվել ՀՀ իշխանություններին, որ Դարբինյանը դեռ շարունակում է աշխատել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 9 ամիսների արդյունքներով, նվազել է 1.5 տոկոսով` կազմելով 619 մլրդ 373.2 մլն դրամ, ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության եւ անասնաբուծության ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր երկրում այս տարվա 9 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 647 մլրդ 394 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` նվազել է 1.3 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 358 մլրդ 528.7 մլն դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 2.4 տոկոսով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կալանավորելիս աղմուկ է բարձրանում, ապա նրանց մոռանում են եւ չէին հիշի, եթե փաստաբանները չանդրադառնային այդ գործերի ընթացքին: Երեկ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները հայտարարություն են տարածել, որ զենքի փորձաքննություն չի արվում, այն հանձնարարվել է ոչ կոմպետենտ անձի, եւ Տոնոյանին թույլ չեն տալիս մասնակցել փորձաքննությանը, ինչը վկայում է այն մասին, որ նպատակն է «մինչդատական վարույթի ողջ ընթացքում նրան պահել կալանքի»: Կալանավորված Աղվան Հովսեփյանն էլ առողջական խնդիրներ ունի, չի ընդունում մեղադրանքը, եւ, ըստ փաստաբանի, քննությունը դոփում է տեղում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը մի կողմից արգելում է շահումով խաղերի, խաղատների եւ բուքմեյքերական ընկերությունների գովազդը զանգվածային լրատվական միջոցներում՝ այդկերպ վնասելով նաեւ լրատվամիջոցներին, մյուս կողմից՝ հենց օրենքի նախագծով նոր խաղատներ ստեղծելու հնարավորություն է ամրագրում: Մասնավորապես, երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որով ցանկանում է փոփոխություն կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում: Ինչպես հայտնի է, Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան քաղաքներում թույլատրվում է խաղատների գործունեությունը: Եվ, ահա, նախարարությունը ցանկանում է օրենսդրությամբ ամրագրել, որ խաղատներ կարող են լինել նաեւ այն քաղաքներում, որոնք համարվում են զբոսաշրջային կենտրոններ»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկա քաղաքական գործընթացները Հայաստանում հիմնականում երկու շրջափուլ են ունենալու՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի ստորագրում և սահմանադրական փոփոխություններ: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս կառավարությունում սահմանադրական փոփոխություններով զբաղվող խումբը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել մի աշխատանքային փաթեթ, որտեղ նշված են եղել Սահմանադրության փոփոխությունների առանցքային դրույթները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրային լայն քննարկում կսկսվի այն բանից հետո, երբ գործող իշխանությունները կստորագրեն վերը նշված համաձայնագիրը, ինչը ենթադրելու է Արցախի հարցի կարգավորման նոր փուլ։ Այնուհետ, ներքին հուզումները քաղաքական հուն տեղափոխելու նպատակով առաջ կբերվի սահմանադրական փոփոխությունների հարցը, որը, մեր տեղեկություններով, նախատեսում է անցում նախագահական կառավարման»։
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019-ի ընթացքում, երբ արդեն իշխանության էր ընդդիմադիր ժամանակ երդվյալ արեւմտամետի դիրքերից հանդես եկող, ռուսաստանամերժ Նիկոլ Փաշինյանը, Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի (ՍԵՊԱ) ճանապարհային քարտեզով նախատեսված 9 միջոցառումներից իրականացվել են ընդամենը 3-ը: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեղեկություն հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը: «Եթե փոխնախարար եղած ժամանակ ես որեւէ ծրագրով 20-30 տոկոսով թերանայի, ապա մեծ աղմուկ կբարձրանար դրանից, բայց ԵՄ-ի միջոցառումների դեպքով, փաստորեն, նույնսիկ 70 տոկոս թերակատարում ունենք, ու դա հալած յուղի տեղ անցնում է: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այս մասին. ինքս էլ կցանկանայի ստանալ այդ հարցի պատասխանը»,- ասաց Մելքոնյանը՝ արձանագրելով՝ ԵՄ-ի հետ կապված ծրագրերն ու միջոցառումները Փաշինյանի իշխանության ժամանակ ոչ թե նկատելիորեն, այլ շեշտակի ու էականորեն են նվազել, հայտնվել 2-3-րդ պլանում»։