«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Տաթեւում երեկ «Ապրելու երկիր» և «Շանթ դաշինք» կուսակցությունների միջև կոալիցիոն հուշագիր ստորագրվեց, որով, ըստ էության, պարզ դարձավ, որ համայնքի ավագանու 2 ուժերն այլևս մեծամասնություն են կազմում, սակայն իշխող ՔՊ-ն շարունակում է զոռբայությունը և փորձում զավթել համայնքապետի աթոռը։ Հիշեցնենք, որ Տաթևում ուժերից և ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չունի, սակայն շնորհիվ կոալիցիայի, ՔՊ-ն այլևս ընդդիմություն է։ Օրենքով` համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է ավագանու առաջին նիստ նշանակում, սակայն ՔՊ գործող համայնքապետ, համայնքապետի թեկնածուն դեռ չի շտապում: Չնայած արդեն փոշմանել են և որոշել են վերցնել մանդատները, օրեր առաջ հակառակն էին հայտարարել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնապես Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները 10.4 տոկոսով: Բայց, մյուս կողմից, այս տարվա 9 ամիսներին երկաթուղային բեռնափոխադրումներն են պակասել 7.9 տոկոսով: Նշված ժամանակահատվածում պակասել են նաև երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալները 2.2 տոկոսով, փոխարենը ավելացել են ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալները 17.5 տոկոսով»։
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես արդեն գիտենք` նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել հանրային բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարտադրանքը: Թեև աշխարհում` Հայաստանից բացի, որևէ այլ երկրում, բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր չէ, սակայն Հայաստանի գործող իշխանությունները տարբերվելու եւ ինքնատիպ երեւալու մեծ բարդույթներ ունեն: Թեեւ արդեն նշեցինք, որ նոյեմբերի 1-ից դիմակ կրելու պարտադրանքը բաց տարածքներում է, սակայն ոստիկանությունն առավել շատ փակ տարածքներում է «անակնկալ» մատուցում կիսաքաղց, թանկացումներին մի կերպ դիմացող «հպարտ» քաղաքացուն: Մեր հավաստի տեղեկություններով` օրինակ՝ «Դալմա գարդեն մոլում» ոստիկանները թաքնվում են դռան հետևում, ապա դիմակ չկրող քաղաքացիներին անմիջապես տուգանում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանում վարչական պալատ կստեղծվի: Համապատասխան նախագիծն ընդգրկված էր կառավարության երեկվա նիստում, սակայն չզեկուցվող նախագծերի թվում էր: ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ այս պալատի ստեղծումն ամրագրված է դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությամբ: Ըստ այդմ, այդ օրենքի նախագծով նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երգչուհի Մարիամ Մերաբովան նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Գրիր ինձ…» խորագիրը կրող համերգով: Նա ասել է, որ Հայաստան է գալիս հայրենիքի համար բարդ շրջանում. «Իրավիճակն ինձ համար հրեշավոր է, հանցավոր: Չեմ կարող ձևացնել, թե պատերազմն ավարտվել է, թե պետք է կատարվածի մասին արագ մոռանալ, հապշտապ ջնջել հիշողությունից կամ հրաժարվել ինչ-որ բաներից, ես չեմ պատրաստվում: Այն ինձ խորապես խոցում է՝ իբրև հայուհու: Ես նույնքան ծանր եմ տանում Ղարաբաղի հայերի վիշտը, որքան որ ծանր կտանեի ցանկացած այլ ժողովրդինը, եթե նրան վիճակվեր նման ճակատագիր: Դժբախտությունը պիտի համախմբի հայերին, ոչ թե մասնատի: Իմ համերգը համախմբվելու կոչ է՝ ուղղված համայն հայությանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սպանվել էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, և ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Հակոբյանը:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ դեպքից հետո Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը որոշում է կայացրել այն մասին, որ քրեական գործը պետք է քննի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների վարչությունը, և այն պետք լինի իր հսկողության ներքո»: