Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օդրի Ազուլեին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը գոհունակություն են հայտնել տարիների ընթացքում Հայաստանի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ։
Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մշտապես գործադրել է առավելագույն ջանքերը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ընդհանուր արժեքների վրա հիմվնած իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում 2021-2025 թվականների համար Հայաստանի անդամակցության թեկնածությունը բխում է նաև այդ ջանքերի արդյունավետության բարձրացման նկատառումներից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ համամարդկային մշակութային ժառանգության մասը կազմող Արցախի հայկական պատմամշակութային կոթողների՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման և ինքնության խեղաթյուրման պայմաններում միջազգային հանրության կողմից կանխարգելիչ քայլերի իրականացումը ուղղակի հրամայական է։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն ուղարկելու Գլխավոր տնօրենի առաջարկի իրականացման կարևորությունը։
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման հետ մեկտեղ մենք ականատես ենք լինում ավելի քան 1500 մշակութային և 19000 թանգարանային նմուշներով հարուստ՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրման և ճարտարապետական տեսքի փոփոխման անթույլատրելի դեպքերի։ Չափազանց կարևոր է միջազգային ջանքերն ուղղել և պատշաճ քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը արժանանա Նախիջևանի՝ ընդհանուր թվով 28000 ոչնչացված հայկական մշակութային ժառանգության ողբերգական ճակատագրին։